Ալիևը Սարգսյանից պահանջել է ազատ արձակել գերիներին. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «ԱզերԹԱջ» գործակալության հարցազրույցում հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը կարելի է դրական գնահատել:

Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է կառուցողական քննարկումներ անցկացնել՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցով՝ առաջարկների հիման վրա, որոնք գտնվում են բանակցությունների սեղանին, և այդ դիրքորոշումը հերթական անգամ նշվել է Բեռնում կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանին և Հայաստանին է ներկայացրել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման առաջարկները:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կոնֆլիկտի մարդասիրական ասպեկտները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ բարձրացրել է գերիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակման հարցը:

«Հարկ է նշել, որ վերջերս Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց հայկական ընտանիքին: Այժմ Հայաստանի հերթն է: Պաշտոնական Երևանը, իր վրա վերցրած միջազգային մարդասիրական պարտականություններին համապատասխան, պետք է մասնակցի անհետ կորածների մասին ինֆորմացիայի փոխանակմանը և ազատ արձակի Ասկերովին և Գուլիևին»,-հավելել է Ադրեջանի արտգործնախարարը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս