Արդեն հայտնել ենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել , որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև սահմանային լարվածությանը և մի շարք այլ խնդիրների:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ` հասկանալու նրա տեսակետը ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ: Վերջինս փոխանցեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթով մեկ անգամ ևս կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների դերը սահմանային լարվածության հարցում, նշելով որ ՀՀ նախագահի ելույթում ամենի ինչ իր տեղում էր:
«Ամեն ինչ իր տեղում էր, ամեն ինչ շատ հստակ էր: Մի կողմից ճշտվեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություն է և ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ընդհանուր խնդիր ունեն լուծելու: Նաև առանձնակի շեշտ դրվեց սահմանային լարվածության հետ կապված այն խնդրին, որ արդեն ժամանակն է , որպեսզի ՀԱՊԿ-ն որպես հավաքական անձանց կամ տերությունների համապատասխան մարմին, սահմանային լարվածության հետ կապված հստակ իր դիրքորոշումն ունենա»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:
Ավետիսյանի խոսքով` Սարգսյանը շատ հստակ խոսեց նաև այն մասին, որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ պետություններ փորձում են այլ տեղերում այլ դիրքորոշում ունենալ, որը անընդունելի է:
«Եթե ՀԱՊԿ-ի անդամ են և ունեն կանոնադրություն, ապա բոլորը պարտավոր են հետևել դրան, ոչ թե երկակի խաղեր տան, այլ ունենան հստակ դիրքորոշում, որը շատ կարևոր է»-եզրափակեց իր խոսքը նա: