ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ, ՄՅՈՒՍՆԵՐԸ` ՓՈՂՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ իր ընտանիքի անդամների հետ Ամանորը նշելու: Ըստ մեր տեղեկությունների՝ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերը որոշել են «արձակուրդ մեկնել» ու վերադառնալ արդեն հունվարի կեսին:

Մեր տեղեկություններով` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները, ու այս միավորմանն անդամակցող քաղաքական ուժերի առաջնորդները հանգել են այն որոշմանը, որ պետք է լայն թափով պայքար սկսել արդեն հունվարի կեսին, քանի որ այժմ տոնական տրամադրություններ են, ու ՀՀ քաղաքացիները հակված չեն պայքարի: Նշվում է նաեւ, որ ճակատի ուժերի մեջ այս հարցի լուրջ տարաձայնություն կա. նրանց մի հատվածը կարծում է, որ պետք չէ ընդմիջել պայքարը, քանի որ հունվարին կրկին քաղաքացիներին «հավաքելը» դժվար կլինի:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցերի շուրջ փորձեց զրուցել Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Իսկ, ահա, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պայքարը շարունակվելու է:
-Պարո՛ն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ «Նոր Հայաստան»-ը որոշել է ամանորյա տոներին «մեկնել» արձակուրդ ու վերադառնալ հունվարի կեսին՝ հետագա գործընթացները շարունակելու համար: Ինչո՞ւ եք որոշել Ձեր պայքարը «ընդհատել»:
-Նախ՝ ուզում եմ նշել, որ մեզ մոտ գլխավոր օրակարգը եղել է փոփոխությունները մեր երկրում՝ իշխանությունների կազմում, իսկ այդ նպատակին հասնելու համար մեր առաջ դրել էինք երեք խնդիր: Սահմանադրական հանրաքվեն ընդամենը միջոց էր, գլխավոր խնդիրը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, ժամանակավոր կառավարության ստեղծումը: Իսկ ինչ վերաբերում է արձակուրդին, ապա ասեմ միանգամից, որ արձակուրդ չկա, արձակուրդային տրամադրություն չկա, մենք անընդհատ աշխատանքի մեջ ենք:
-Իսկ ինչպե՞ս է դրսեւորվելու այդ աշխատանքը, արդյո՞ք տոնական օրերին փողոցում եք լինելու, թե՞ այդ օրերին կդադարեցնեք Ձեր պայքարը: Ի՞նչ եք առաջարկում հանրությանը՝ գնալ, մասնակցել տոներին, թե՞ մնալ փողոցում:
-Դեկտեմբերի 31-ին գիշերը կարող եք գալ Ազատության հրապարակ, այնտեղ կարող ենք խոսել, այսինքն՝ մենք այնտեղ ենք լինելու, մենք այնտեղ ենք անելու մեր Նոր տարին, որը եւս պայքարի մի հանգրվան է:
-Իսկ արդյոք այդ օրը Ձեր քաղաքական միավորի բոլոր առաջնորդները եւս կլինեն Ազատության հրապարակում, թե նրանց մի մասը այդ օրը կնշի իր ընտանիքի գրկում, այլ ոչ թե փողոցում:
-Բոլորն էլ լինելու են, մենք մեր աշխատանքը կատարելու ենք, բոլորս էլ կլինենք:
-Բայց տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օրից ԱՄՆ է մեկնելու՝ իր ընտանիքի անդամների հետ ամանորյա տոները նշելու համար, այդ դեպքում ինչպե՞ս է նա լինելու Ազատության հրապարակում:
-Հիմա եթե այդ մարդու ընտանիքի անդամներն այնտեղ են ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա ինչի՞, պայքարը միայն այստե՞ղ է, դրսում հանդիպումներ կան: Ի՞նչ կապ ունի դա պայքարի հետ, եթե մարդը գիշերը գնա, տանը քնի, ուրեմն դա նշանակում է, որ մարդը հրաժարվե՞լ է պայքարից, գնացել, քնե՞լ է:
-2008 թվականին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին, որ նա փողոցում էր թողել իր հետ պայքարող քաղաքացիներին ու տուն էր գնացել: Ր. Հովհաննիսյանին չե՞ն մեղադրելու:
-Ուրեմն, եթե Դուք այդ տեսանկյունից եք նայում, ապա ցանկացած առաջնորդի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ քննադատելու առիթ կլինի: Եթե ուղղակի նպատակ կա կպնել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա կարելի է կպնել, թե ինչու գլխարկ չի դնում, եթե գլխարկ էլ դնում է, կարող եք կպնել, թե ինչու է գլխարկ դնում: Համենայնդեպս, դա առիթ չէ ինչ-որ բաներ ասելու:
-Այնուամենայնիվ, որքանո՞վ եք ճիշտ համարում, որ Ր. Հովհաննիսյանը քաղաքացիներին փողոցում թողնելով՝ մեկնում է ԱՄՆ` տոներն իր ընտանիքի անդամների հետ նշելու համար:
-Իսկ ո՞վ է ասել, որ մենք Նոր տարվա օրը մեր ընտանիքի անդամների հետ չենք լինելու, կամ ով է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներից չեն լինելու Ազատության հրապարակում: Մենք էլ ենք լինելու մեր ընտանիքի անդամների հետ: Ժողովուրդը ամեն ինչ էլ լավ հասկացել է, լավ հասկանում է: Դադար տեղի չի ունենա, մենք նոր տաքանում ենք, մենք մեր պայքարը շարունակում ենք: Դադարի մասին խոսք լինել չի կարող, կարող է պայքարի ձեւերը փոխվեն, այդ պահի, ոչ թե նպատակը, ոչ թե տակտիկան, այլ այդ պահի գործողության ձեւերը կարող են փոխվել: Բայց պայքարն իր նույն բովանդակությամբ շարունակվելու է, նպատակներով, խնդիրներով, ձեւաչափով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարծես թե որեւէ նշանակալի արդյունք չգրանցեց: Համենայն դեպս, այդ հանդիպումից հետո Ադրբեջանը սկսել է սահմանի ողջ երկայնքով էլ ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը:

«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք այդ հանդիպումից, եւ արդյոք դրանք իրականացան:
-Այնպես չէ, որ ակնկալիքները մեծ էին: Բոլորը գիտակցում էին, որ թմբկահար չէին քննարկելու հարցի լուծումը: Ավելի շատ պետք է քննարկեին խնդիրներ, որոնք պետք է միտված լինեին սահմանագծում լարված իրավիճակը կասեցնելուն: Բայց հետեւելով նաեւ իրական կյանքի արդյունքներին՝ պետք է նկատել, որ իրավիճակը որեւէ ձեւով չի մեղմացել:
-Այսինքն՝ կարելի է ասել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում որեւէ դրական արդյունք չարձանագրվե՞ց:
-Պետք է ասել, որ որեւէ արդյունք չկա: Կանխատեսում եմ, որ Ադրբեջանը երբեւէ չի պատրաստվի իր վարքագիծը փոխել, եթե իրավիճակը չփոխվի: Իսկ իրավիճակը փոխելու համար պետք է ունենանք լավ, հզոր տնտեսություն եւ դրա հետ հզոր ժողովրդավարական ինստիտուտներ, մեր բանակն էլ ամուր, պինդ կանգնած լինի եւ իր առաջ դրած խնդիրները լուծի: Նաեւ պետք է միջազգային հանրությունը գիտակցի, որ ժամանակն է անցնել թիրախավորված հայտարարությունների: Եթե այդ փոփոխությունները լինեն, բնականաբար, Ադրբեջանը ուշ թե շուտ իր վարքագիծը կփոխի, կգիտակցի, որ որեւէ հարց չի կարող լուծել: Այլ պարագայում միշտ ունենալու ենք այս վիճակը:
-Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիմանը, հանդես են եկել հայտարարությամբ` դրանում բավականին լավատեսական կանխատեսումներ անելով: Ըստ Ձեզ` ինչի վրա է հիմնված նման լավատեսությունը:
-Այդ հայտարարությունները միտված չեն եղել այլ բանի, քան հույս հայտնելը, որ նախագահները պատրաստ են քննարկելու մեխանիզմներ: Բայց քննարկումների պատրաստակամությունը եւ հարցին լուծում տալը միմյանցից շատ տարբեր բաներ են: Մենք ամեն ինչ պետք է գնահատենք մեր իրական կյանքի արդյունքներից:
Եթե կտեսնենք, որ հայտարարությանը գին է տալիս նույն Ադրբեջանը, ուրեմն հայտարարությունը տեղ է հասել, եթե դրանից հետո որեւէ արդյունք չկա, հակառակը, ինքը իր քաղաքականությունն է անում, դա արդեն համանախագահների դաշտում է գտնվում, որ իրենք էլ մեկ անգամ եւս վերագնահատեն իրենց հայտարարությունների արժեքը:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 
ՊԱՐՏՔԵՐՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ մշակույթի նախարարության՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու որոշման մասին: Մեր տեղեկություններով՝ այս ամենի իրական նպատակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդուն, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր դարձնելն է: Բանն այն է, որ Հասմիկ Պողոսյանն իր կարիերայի համար պարտական է Ա. Սմբատյանին: Վերջինս է 2006-ին բարեխոսել, որ Պողոսյանը դառնա մշակույթի նախարար՝ իբրեւ «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչ: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից, ով ասաց. «Սմբատյանը մեկ այլ խմբի գլխավոր դիրիժոր է, եւ օպերային թատրոնում արդեն չկա գլխավոր դիրիժորի հաստիք: Ի՞նչ եք կարծում՝ Սմբատյանը պետք է թողնի իր հաստիքը ու գա այդտե՞ղ աշխատի: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ինչ վերաբերում է հետագայում այդ հաստիքը վերականգնելուն, դա ստեղծագործական անհրաժեշտությունից ելնող հարց է»:

 

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Անցած տարի Երեւանի քաղաքապետարանը մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսեց վարչական շրջանների աշխատակիցների համար ամանորյա «քեֆեր» կազմակերպելու համար: «Քեֆերի» վայրերը ընտրելու համար քաղաքապետարանը մրցույթներ էր հայտարարել: Այս տարվա «քեֆերի» մրցույթների մասին հայտարարությունները դեռեւս չեն հրապարակվել: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից փորձեց պարզել, թե այս տարի ավանդական «կերուխումներն», ի վերջո, լինելո՞ւ են: «Ես նման տեղեկություններ չունեմ տոնական միջոցառումների հետ կապված: Այս տարվա մասով տեղեկություններ չունեմ»,- պատասխանեց Գեւորգյանը:

 

ԴԱՏԱԽԱԶ, ԹԵ «ՀԱՐԿԱՀԱՎԱՔ»
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանը միայն նախորդ տարվա ընթացքում մոտ 293 մլն դրամի գնումներ է իրականացրել: Հիմնականում հողամասեր, բնակարան եւ շինություններ: Անցած տարվա վերջին դատախազի դրամական միջոցները կազմել են 46 մլն դրամ: Անցած տարի նա որպես ժառանգություն ստացել է նաեւ 25 մլն դրամ: Ի դեպ, դատախազի ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը մոտ 550 հազար դրամ: Դատախազի կինը՝ Աննա Ղուկասյանը, հայտարարագրել է 19 մլն դրամ եւ 18 հազար դոլար: Հիշեցնենք, որ սա այն դատախազն է, որի դեմ Նորատուսի բնակիչներն օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով, որ Արսենյանը «անհիմն մարդկանց մեղադրում է ու չարաշահում պաշտոնեական դիրքը՝ մարդկանց անհիմն կալանքի ենթարկելով»: Դե, իհարկե, նա գիտի փող աշխատելու ձեւերը, դրա համար մարդկանց իրավունքները հետին պլանում են: Գլխավորը կալվածքն է:




Լրահոս