ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր պաշտոնավարման ավարտից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչների համար անակնկալ է եղել: Այդ հայտարարությունից հետո իսկական իրարանցում է սկսվել, քանի որ բոլոր կողմերը փորձում են հասկանալ, թե Սերժ Սարգսյանի կողմից իր նախկին հայտարարությունից հրաժարվելու պատճառները որոնք են, եւ դրանց արդյունքում իշխանական դաշտում առաջիկայում ինչ նոր զարգացումներ կարող են լինել:

Իհարկե, Հայաստանի հասարակության համար Սերժ Սարգսյանի նման գործելավոճը, այն է՝ հրապարակային արված պաշտոնական հայտարարությունից հրաժարվելը, նորություն չէ: Այդ իսկ պատճառով էլ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր պաշտոնավարման ավարտից հետո, նոր Սահմանադրության ընդունվելու դեպքում չի ցանկանում զբաղեցնել Հայաստանի ղեկավարի, ասել է թե՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, հատկապես ընդդիմադիր գործիչներն այդ խոստմանը լուրջ չվերաբերվեցին եւ համոզված էին, որ նա այս անգամ էլ է «խաբելու»:
Սակայն իշխանական վերնախավում Սերժ Սարգսյանի հայտարարությանը վերաբերել են ամենայն լրջությամբ եւ սկսել են դիրքավորվել` քաղաքական նոր պայմաններում իրենց ուրույն տեղը գտնելու եւ հաստատվելու համար: Մասնավորապես, իշխանությունների՝ հիմնականում ավագ սերունդի ներկայացուցիչներից բաղկացած թեւը սկսել է համախմբվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջը: Իշխանական բուրգի այս թեւի պլաններով 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը պետք է գլխավորեր Հովիկ Աբրահամյանը եւ հենց նա էլ պետք է դառնար վարչապետ: Ի դեպ, ՀՀԿ-ում համոզված են, որ ապագա ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հարցում իրենք խնդիրներ չեն ունենա եւ իրենց ուզած արդյունքը կգրեն: Վերը բերված սցենարով իշխանական բուրգի երիտթեւը շարունակելու էր ակտիվ դերակատարությունից զրկված մնալ եւ պետք է բավարարվեր իշխանությունների «ջահելի» իր կարգավիճակով:
Սակայն իշխանական երիտթեւի ներկայացուցիչները, որոնց առաջնորդը Սերժ Սարգսյանի փեսա եւ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է, դեռեւս 2013 թվականից դիրքավորվել են, որպեսզի 2016-ին ստանձնեն գործադիր իշխանության ղեկավարումը, որպեսզի 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքում կարողանան դառնալ Հայաստանի «նոր» իշխանությունները: Ըստ այս ծրագրի՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական հանրաքվեից մի քանի ամիս անց, ենթադրվում է, որ հենց 2016-ի գարնանը, Սերժ Սարգսյանը, մատնանշելով Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության կողմից Հայաստանում ոչինչ փոխել չկարողանալու փաստը, պետք է ցրեր եւ նոր կառավարություն ձեւավորեր` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Իսկ Միքայել Մինասյանը, ըստ այդ ծրագրի, պետք է ստանձներ խորհրդարանի կառավարումը: Ենթադրվել է, որ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ իշխանության փոխանցման վերը բերված սցենարը պետք է անցներ առանց լուրջ խոչընդոտների: Ենթադրվել է, որ Սերժ Սարգսյանի «թոշակի գնալու» մասին հայտարարությունից հետո իշխանական ավագ թեւի ներկայացուցիչները եւս չեն դիմադրի եւ նրա օրինակին հետեւելով՝ չեն խոչընդոտի իշխանությունը երիտասարդներին փոխանցելուն:
Սակայն Սերժ Սարգսյանի հանրահայտ հայտարարությունից հետո, որը հնչել էր 2014 թվականի ապրիլի 10-ին` սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, ակնհայտ դարձավ, որ իշխանության հնաբնակները հեռանալու մտադրություն չունեն: Փաստորեն, վերջին մեկուկես տարին ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվի իշխանությունն առանց խոչընդոտների երիտիշխանավորներին փոխանցել: Ավելին՝ ստեղծված իրավիճակում առավել քան իրատեսական դարձավ այն տարբերակը, որ եթե Սերժ Սարգսյանն իսկապես հրաժարվի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնից, ապա կարճ ժամանակում իշխանական բուրգի հնաբնակներն ուղղակի կոչնչացնեն իրենց տեղի վրա աչք դրած երիտիշխանություններին: Իսկ իր որոշումը փոխելու եւ իշխանության ղեկին մնալու մտադրության մասին հայտարարելով՝ ՀՀԿ նախագահը Հովիկ Աբրահամյանի թիմին փաստացի հասկացրեց, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո դարձյալ ինքն է լինելու իրավիճակի տերը:
Սերժ Սարգսյանը փաստացի ազդարարեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինքն է որոշելու, թե ով կլինի Հայաստանի վարչապետ, եւ, ընդհանրապես, իշխանական բուրգում ով ինչ պաշտոն կզբաղեցնի: Այլ կերպ ասած՝ նա փաստացի ազդարարեց, որ ինքն է որոշելու եւ անձամբ է իրականացնելու իշխանության փոխանցման գործընթացը, ու եթե հարկ լինի, այն կհետաձգվի, բայց միեւնույն է՝ որոշողը լինելու է ինքը: Կամ ավելի պարզ. Սերժ Սարգսյանը իշխանության հնաբնակներին բաց տեքստով հասկացրեց, որ եթե դուք մնալու եք իշխանության, ապա ես եւս կմնամ: Արդյունքում իշխանական բուրգում կրկին խմորումներ են, քանի որ վերջին մեկուկես տարում գծված բոլոր պլաններն այսպիսով հօդս ցնդեցին: Եվ այժմ իշխանական դաշտի բոլոր խաղացողները փորձում են հասկանալ, թե ինչպես պահեն իրենց, որպեսզի «դավադիրների» ցուցակում չհայտնվեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
38-Ն ԷԼ ԿԴԱԴԱՐԵՑՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելել է դեկտեմբերի 14-ից հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին: Պատգամավորը հանդիպում է ունեցել ազատազրկվածներից մի քանիսի հետ: Նշենք, որ հացադուլ են հայտարարել 38 ցմահ ազատազրկված: ԲՀԿ ղեկավարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ազատազրկվածները ներկայացրել են իրենց խնդիրները, որոնք բազմաթիվ են եղել. «Ցմահ ազատազրկվածներն իրենց խնդիրները ներկայացրել են 10 կետով, դրանք ուղղարկել են նաեւ ԱԺ պատգամավորներին, եթե փորձեմ կարճ ձեւակերպել իրենց պահանջները, ապա նախ այն է, որ վերջապես գործեն 2011 թվականի մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որը որոշակի մեղմացումներ է նախատեսում ցմահ ազատազրկվածների համար»: Ցմահ ազատազրկվածները պատգամավորին տեղեկացրել են նաեւ, որ այժմ չի գործում պայմանական ազատման կետը, որը սահմանված է օրենսդրորեն: «Չնայած նրան, որ ըստ օրենքի՝ 20 տարի պատիժը կրելուց հետո նա կարող է պայմանական ազատ արձակվել, իսկ 10 դատապարտյալ այդ շեմն անցել է, սակայն որեւէ մեկի նկատմամբ պայմանական ազատում չի կիրառվել»,- պարզաբանեց Զոհրաբյանը: Պատգամավորը հավելեց նաեւ, որ ինքը լսել է բոլոր դժգոհությունները ու տեղեկացրել, որ իր ղեկավարած խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի օրենքով սահմանված կարգով նրանց խնդիրներին լուծում տան: «Ստանձնել եմ պարտավորություն գարնանային նստաշրջանի մեկնարկի սկզբում անպայմանորեն հետամուտ լինել հարցի լուծմանը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ցմահ դատապարտվածները մտադիր են հացադուլը դադարեցնել:

 

ՔԵՖԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական էլիտան առաջիկա օրերին որոշել է հավաքվել ու ամփոփել տարին: ՀՀԿ-ականներն արդեն համարում են, որ այս տարվա իրենց գործերն արդեն ավարտել են եւ սկսել ամանորյա «քեֆի» մասին մտածել: ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ հավանական է իրենց հավաքույթը կազմակերպվի Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում: Իսկ մի մասն էլ ասում էր, թե խնջույքը կազմակերպելու են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեր զրուցակիցները նշում էին նաեւ, թե քանի որ հավաքույթը «փակ» է լինելու՝ միայն ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ, հնարավոր է՝ միջոցառմանը մասնակցի նաեւ Գագիկ Ծառուկյանը:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին եւ 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Անցած շաբաթ օրը Բեռնում կայացած հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կարեւոր հնարավորություն ընձեռեց՝ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու եւ հստակեցնելու իրենց դիրքորոշումները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին: «Նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, եւ մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ: Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա: Համանախագահները նաեւ պատրաստ են աջակցել նախագահների հանդիպմանը եկող տարի՝ շարունակելու քննարկումները կարգավորման շուրջ», – հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

 

ԱԽ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հրավիրել է անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ 2015թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցերը: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

ԱՆԻՄԱՍՏ Է
Գնահատելով Սերժ Սարգսյանի ելույթը` ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այդ ելույթը մեր ներքին լսարանի համար էր: «Կարծում եմ, որ ելույթը բավականաչափ լավն էր, բայց այն ոչ մի ազդեցություն չի ունենա, որովհետեւ եթե ՀԱՊԿ-ն ընդունում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեր հին «եղբայրներն» են, ապա սպասել, որ ՀԱՊԿ-ի ինչ-որ որոշումներ կլինեն, որոնք Ադրբեջանի դեմ կլինեն, անիմաստ է»:

 

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Երեւանում դեկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս