ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է նախագահական նստավայրում

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները: Երեկ Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե ՀՀ քաղաքացին ցանկանում է դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից, ապա ի՞նչ գործընթաց է սահմանվում դրա համար:

Հրաչյա Գրիգորյան (49 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1) դիմում, 2) անձնագիրը եւ դրա պատճենը, 3) 35×45 չափի 6 գունավոր լուսանկար, 4) ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը, 5) երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, 6) զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար), 7) այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը, 8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում ՀՀ-ում՝ վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը, անձի կողմից դիմումը տալուց հետո 10-օրյա ժամկետում հարցումներ է կատարում համապատասխան մարմիններ:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. 2-րդ կիսամյակում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 228.708:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ինչ է անհրաժեշտ: Ընդհանրապես ինչ ժամկետում կարելի է ստանալ այն:

Ռիմա Ասատրյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Ասատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին՝ գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ նպաստառու ընտանիքների (երեխաների) թիվը նախատեսված է 11.200, իսկ մեկ երեխայի խնամքի նպաստի չափը՝ ամսական 18.000 դրամ:
2015թ. ընթացքում մինչեւ երկու տարեկան երեխաների թիվը կանխատեսվել է շուրջ 83.790
Ի դեպ, վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին 25-40 տոկոսով տարեկան ավելանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար անհրաժեշտ միջոցների չափը:




Լրահոս