ՈՒԶՈՒՄ Է ԲՈՉԵԼԻԻ ՀԵՏ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՆԿԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“X factor” նախագծի հաղթող ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ  հուլիսի 10-17-ը կմեկնի Վիտեբսկ` մասնակցելու  “Սլավոնական շուկա” միջազգային մրցույթին: Այն համարվում է միջպետական մրցույթ, որն անցկացվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հովանու ներքո: Այդ իսկ պատճառով պետությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր  մասնակցի ներկայացնում է  այդ երկրի մշակույթի նախարարությունը:
-Ես հայտ էի ներկայացրել, կցված էր նաեւ իմ կենսագրությունն ու գործունեությունը: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ ընտրել են: Նույնիսկ տեղյակ չեմ, թե, ինձնից բացի, էլ ովքեր են հայտ ներկայացրել:
-Դուք հաղթել եք նաեւ “X factor” նախագծում: Ի՞նչ են տալիս մրցույթներն առհասարակ:
-Ես սիրում եմ մրցակցել, իհարկե, առողջ մրցակցության մասին է խոսքը: Եթե չես մրցում, նշանակում է` դոփում ես տեղում:
Իսկ հաղթանակը “X factor”-ում շատ բան փոխեց իմ կյանքում: Տվեց ինձ ճանաչում, կայացա որպես երգիչ, հանդիսատեսի բանակ ունեցա, որոնք այսօր իմ կողքին կանգնած են, ինձ ուժ են տալիս: Այսօր էլ ահա այլ երկրների հետ մեր հանրապետությունն եմ ներկայացնելու Վիտեբսկում:
-Որքանով ինձ է հայտնի, Դուք երաժշտական կրթություն չունեք:
-Մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ծառայել եմ բանակում, հետո գնացել հայրենի Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղը, դասավանդել տեղի դպրոցում: 2004թ. որոշեցի մասնակցել “Դո, ռե, միե մրցույթին, հասա մինչեւ եզրափակիչ փուլ: 2007թ. տեղափոխվել եմ Երեւան ու նշանակվել Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն` իրավաբանական եւ ֆինանսական աշխատանքների գծով:
Իսկ երգել սկսել եմ փոքր ժամանակվանից, բայց ծնողներս իմ այդ նախասիրությանը լուրջ չէին վերաբերում: Այդ իսկ պատճառով կրթությունս ոչ երաժշտական ստացվեց…
-Երաժշտական կրթության բացակայությունը զգացնել չի՞ տալիս:
-Երբեք չի խանգարել: Մի հետաքրքիր բան հիշեցի. երբ հաղթեցի նախագծում, մրցանակս  Մոսկվա մեկնելն ու մեծ օրկեստրի հետ ձայնագրություն անելն էր: Մեծ թատրոնի աշխարհահռչակ դիրիժորը տվեց ինձ նոտաները, որ կարդամ երաժշտությունը, երբ ասացի, որ չեմ կարողանում կարդալ, զարմացավ, հարցրեց` ինչպես եմ կարողանում օրկեստրի հետ երգել: Իմ պարագայում ես զգում եմ երաժշտությունը:
-Դուք ավելի շատ դասական ոճում եք հանդես գալիս, բայց բոլորս ենք հասկանում, որ այսօր այն այդքան էլ մեծ պահանջարկ չունի: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք բավականաչափ գումար վաստակել:
-Անկեղծ եմ ասում, չեմ սկսել երգել գումար վաստակելու համար: Ես անում եմ այն, ինչ զգում եմ, չեմ ուզում անել այն, ինչ հարկավոր է, ինչ պահանջում են: Հավատացե՛ք, դասական երաժշտությունը պետք է մեր հանրությանը: Երբ եկա նախագծին մասնակցելու, ինձ ասում էին` ո՞վ է քվեարկելու քեզ համար, բայց, ի վերջո, մարդիկ սիրեցին, քվեարկեցին…
Այս պահին իրավաբանի իմ աշխատանքով կարողանում եմ վաստակել այնքան, որ իմ առօրյան ապահովեմ: Երաժշտությունն ինձ համար նույնպես մասնագիտություն է: Ուզում եմ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երգիչ դառնալ: Ինձ ասում են` լավ կլինի` մեկնես Եվրոպա, այնտեղ վարպետության դասեր ստանաս:
-Իսկ չե՞ք մտածում նախ Երեւանի պետական կոնսերվատորիա ընդունվել, գոնե նոտաները սովորել: 
-Իհարկե, ուզում եմ ձեռք բերել որոշակի մասնագիտական կրթություն: Անցած տարի ուզում էի Կոնսերվատորիա ընդունվել, բայց չեղավ, քննական շրջանում այլ բանով էի զբաղված: Այս տարի անպայման կդիմեմ: Դասական երգի բաժնում եմ ուզում սովորել: 
-Որպես երգիչ` ինչի՞ պակաս ունեք:
-Այսօր ամենակարեւորը ֆինանսականն է, ես մեկնում եմ ,Սլավոնական շուկաե, ու եթե հովանավորներ չլինեն, ես ֆինանսական խնդիրներ կունենամ: Այսօր բոլորի խնդիրն է տեսահոլովակ նկարել, հովանավոր գտնել: Հասկանում եմ, որ հնարավոր չէ բոլոր արտիստներին պետական հովանավորություն տրամադրել, գոնե լինեն որոշակի ոլորտներ, որոնք  պետական հոգածության տակ լինեն: Ինձ համար չեմ ասում, առհասարակ եմ ասում:
Եթե շատ գումար ունենայիք, ի՞նչ կանեիք:
-Կմեկնեի դուրս ու շատ հետաքրքիր տեսահոլովակ կնկարեի աշխարհահռչակ Բոչելիի հետ:  
-Իսկ ռեստորաններում կամ այլ ժամանցային վայրերում աշխատո՞ւմ եք:
-Անկեղծ եմ ասում, ինձ առաջարկներ եղել են, որ գնամ երգեմ, շնորհակալ եմ Աստծուց, որ այդ ճարահատյալ վիճակում չեմ, որ գնամ երգեմ: Վատ բան չէ ռեստորանում երգելը, բոլորն էլ երգում են, բայց ես դեռ չեմ գնացել: Գուցե լինի ժամանակ, որ դրա անհրաժեշտությունը գա: Երգում եմ իմ ընկերների առիթներին, հանդիսություններին: 
-Իսկ ի՞նչ ցանկություններ ունի Վրեժ Կիրակոսյանը:
-Ցանկանում եմ իմ մայրիկին առողջություն, իրենից թանկ բան չունեմ այս աշխարհում: Թող Աստված ինձ հաջողություն տա, որ ես գտնեմ իմ երկրորդ կեսին ու երջանիկ լինեմ, արդեն 29 տարեկան եմ: Մեկ էլ ուզում եմ, որ Հայաստանում միշտ խաղաղություն լինի, երբեք պատերազմ չլինի:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 536 համար




Լրահոս