Այսօր Աբովյանում տեղի կունենա Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված այս եկեղեցու բացմանը հրավիրված են բազմաթիվ հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Բնականաբար, ներկայացված է լինելու երկրի ողջ էլիտան` սկսած նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից ու պատգամավորներից (որոնց մեծ մասը ցուցադրաբար չի գնալու), ավարտած երկրում հավատարմագրված դիվանագետներով: Դե, իսկ դրսից բարձրաստիճան ներկայությունն ապահովված է՝ ի դեմս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ասել է թե` եկեղեցու այսօրվա բացումը, բացի իր հիմնական խորհուրդից, ունենալու է նաեւ լուրջ քաղաքական նշանակություն` ի ցույց հանելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական ու բիզնես կշռի չափը: Եվ առավել եւս հիմա` Երեւանի ավագանու ընտրություններում կրած խայտառակ պարտությունից եւ նորանշանակ կառավարությունում սպորտի նախարարի պորտֆելից զրկվելու ցուցադրական ապտակից հետո, Ծառուկյանը խնդիր ունի այսօրվա բացման ընթացքում անել այնպիսի մի բան, որը շրջադարձային կլինի երկրի քաղաքական կյանքում: Եվ գուցե հենց այդ նպատակով էլ նա եկեղեցու բացմանը հրավիրել է Հայաստանի երեք նախագահներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:
Նկատենք, որ նման բան Հայաստանի պատմության մեջ եղել է միայն մեկ անգամ, երբ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը հրավիրել էր երկրի առաջին եւ երկրորդ նախագահներին: Այդ ժամանակ, սակայն, ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանը հրավերը չընդունեցին: Սակայն հրավիրելու փաստն արդեն աննախադեպ էր: Եվ հիմա` առկա քաղաքական իրավիճակում, այն էլ մի քաղաքական ուժի ղեկավարի կողմից, ինչպիսին Ծառուկյանն է, նման հրավերը ինքնին արդեն լուրջ քայլ է: Առավել եւս, որ երեկ արդեն հայտնի էր, որ նախագահներից առնվազն երկուսը` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մասնակցելու են բացմանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով էլ, համենայնդեպս, հակառակը հավաստող որեւէ հայտարարություն չԷր արվել: Եվ այսօր, թերեւս, բոլորի ուշադրությունը սեւեռված է լինելու հենց այս հարցին. արդյոք կընդունի Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդի հրավերը` այդպիսով Ծառուկյանին դարձնելով գերկարեւոր ֆիգուր Հայաստանի քաղաքական կյանքում: Եթե Տեր-Պետրոսյանը դա անի, ապա դրանով կփոխհատուցվեն այն բոլոր ձախորդություններն ու կորուստները, որոնք կրեց Գագիկ Ծառուկյանն անցած մեկ տարում: Դրանով նա կդիտվի ավելի ամենակարող գործիչ, քան Սերժ Սարգսյանը, որի հրավերը, այն էլ` երկրի անկախության տոնակատարությանը, մերժեցին երկու նախագահները, իսկ ահա Ծառուկյանի հրավերը, այն էլ` ընդամենը սեփական միջոցներով կառուցված եկեղեցու բացմանը, ընդունում են: Արդյոք Տեր-Պետրոսյանը կգնա այդ քայլին` կախված է այն բանից, թե որքանով է նրան պետք Ծառուկյանի վարկանիշն այդչափ բարձրացնելը:
Ժողովուրդ” օրաթերթ 14.05.2013