Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի եւ մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2013 թվականի մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի 1-ին կետերով՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բ.Մկրտչյանի եւ մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննություն կատարելու համար 03.05.13թ. գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: