ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՎ ՀՀՇ-Ն՝ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՀՀՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց համազգային շարժում» անվանումով նոր կուսակցություն է հիմնվել. նախաձեռնող խումբն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ պետական ռեգիստր` նոր կուսակցություն հիմնելու համար:
ՀՀՇ վարչության նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը երեկ հանդիպեցին լրագրողների հետ` տեղեկացնելու այդ մասին: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23-ին տեղի ունեցած ՀՀՇ արտահերթ համագումարում որոշում ընդունվեց կուսակցության անվանափոխության մասին. ՀՀՇ-ն դարձավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: ՀՀՇ նախկին անդամները երեկ հայտարարեցին, որ իրենց խնդիրն է վերակազմավորել ՀՀՇ կուսակցությունը, որը պատմական արժեք է: Ի դեպ, նախաձեռնող անդամներից ԱԺ պատգամավոր Ա.Արզումանյանը մինչեւ վերջերս անդամակցում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Երեկ նա հայտարարեց, թե մայիսի սկզբին դիմում է ներկայացրել ԱԴԿ-ից դուրս գալու մասին: Ըստ Արզումանյանի` ՀՀՇ հիմնադրելով, այդպես ՀՀՇ-ն վերակազմավորելով՝ իրենք ընդամենը վերադառնում են իրենց ընտանիք: Արարատ Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե ով է ՀՀՇ իրավահաջորդը` իրենք, թե «Հայ ազգային կոնգրես»-ը, նշեց. «ՀՀՇ-ն մի տուն է, որից շատերն են դուրս եկել, եւ կարծում եմ` իրավունքներ ունեն այդ տան վերաբերյալ: Բնականաբար, թե՛ Կոնգրեսի ստվար հատվածը` մարդիկ, ովքեր այսօր Կոնգրեսում են, իրավահաջորդն են ՀՀՇ-ի, եւ թե՛ մենք ենք իրավահաջորդը ՀՀՇ-ի: Եվ պատմությունը չի կարելի ջնջել եւ ասել, թե, օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը կամ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ում չեն եղել: Մենք բոլորս ՀՀՇ-ի հիմնադիր անդամներ ենք եւ առաջին համագումարի մասնակիցներ»: Զուրաբյանը նաեւ նշեց, թե ՀԱԿ հիմնադրմամբ նաեւ ընդարձակվեց ՀՀՇ գաղափարախոսությունը. այդ կուսակցությունը դարձավ սոցիալ-լիբերալ, այնինչ նոր ՀՀՇ-ականները պահպանելու են 1989թ. հիմնադրված կուսակցության գաղափարախոսությունը` լինելով բացարձակ լիբերալ:
Արարատ Զուրաբյանի խոսքով՝ կուսակցությունը կշարունակի լինել ընդդիմադիր դաշտում եւ պայքարել սահմանադրական կարգի վերականգնման համար: «Մենք երբեք մեր քաղաքական գաղափարներից չենք հրաժարվել»,-նշեց նա: Իսկ Արզումանյանը հավելեց, որ իրենք  պատրաստ են ցանկացած հարցով համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ, միայն թե ոչ ի հաշիվ իրենց գաղափարախոսության: Այս առումով ՀՀՇ-ականները չբացառեցին առաջիկայում նաեւ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Զուրաբյանը շեշտեց, որ իրենք ոչ թե ընդդիմադիր ուժերի, այլ իշխանության դեմ են պայքարում: Այս առումով նա նկատեց, որ ՀՀՇ հիմնադրման մասին իրենք հայտարարում են ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների ավարտից հետո, որպեսզի իրենց հետագայում որեւէ մեկը չմեղադրի ընդդիմությանը հարվածելու մեջ:
Ի դեպ, ՀՀՇ հիմնադիր համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին կառավարության ընդունելությունների տանը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս