«Խոզի գրիպ»-ից մահացած կինը ավելի քան 1 շաբաթ գանգատներ է ունեցել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսով վարակված 34-ամյա կին է մահացել: Նա նման վախճան ունեցող արդեն 7-րդ հիվանդն է: Հայտնի է, որ մահացածը՝ Լիանա Մարտիրոսյանը, Թալին քաղաքից էր, երկու մանկահասակ երեխա ուներ։ Վերջինս նախօրեին բավական բարդ վիճակում դիմել է Թալին քաղաքի քաղաքային հիվանդանոց։

ArmLur.am-ին մահացած կնոջ հարևանները պատմեցին, որ նա դեռևս հունվարի 2-ից արդեն իսկ գանգատներ է ունեցել, սակայն բժշկական օգնության չի դիմել: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ նա ճնշման և ջերմաստիճանի տատանումներ է ունեցել: Բժշկական կենտրոն է դիմել միայն հունվարի 9-ին: Իսկ նրա հարազատները կարծել են՝ սովորական գրիպով է վարակվել:

Լիանա Մարտիրոսյանի ամուսինը երեկ երեկոյան է վերադարձել Ռուսաստանից՝ տեղեկանալով կնոջ առողջական խնդիրների մասին: Եվ այսօր տեղի է ունեցել դժբախտությունը:

Հարևաններից մեկը հայտնեց նաև, որ այս պահին դեռևս հստակ տեղեկություններ չկան՝ ընտանիքի մյուս անդամները վարակված են H1N1 տեսակի գրիպով, թե` ոչ:

Առողջապահության նախարարությունը, սակայն, հայտարարում է, թե համաճարակ չկա։




Լրահոս