ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող փոքրիկ կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Ավետիսյանը անձամբ այցելում է Հայաստանի մի շարք քաղաքների մասնավոր եւ պետական հաստատություններ՝ իրականացնելով դրամահավաք, որպեսզի իր կենդանաբանական այգին գոյատեւի:
Հրազդանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1993թ. սեփականատեր Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ: Անցած տարվա ապրիլի դրությամբ այգում պահվում է 20 տեսակ կենդանի՝ 40 գլխաքանակով, այդ թվում՝ արջ եւ առյուծ: Հիմնադիրը մշտապես դժգոհել է, որ չի կարողանում պահել կենդանիներին: Եվ ահա երեկ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Ավետիսյանը եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մեկ առ մեկ մտնելով առեւտրի կրպակներ՝ աշխատակիցներին ու տնօրեններին խնդրել է Հրազդանի “գողտրիկ անկյունը” պահպանելու եւ զարգացնելու համար դրամական օգնություն տրամադրել: Ինչո՞ւ եք այլ քաղաքների բնակիչներից գումար խնդրում:
“Ժողովուրդ”-ի այս հարցին Ավետիսյանը պատասխանեց. “Ճիշտ եք, հանրապետության ողջ տարածքով դրամահավաք է: Կենդանաբանական այգին պատրաստվում է բացման: Կերի խնդիր կա, հազար ու մի խնդիրներ կան: Քանի որ հովանավորներ չունենք, դրա համար էլ դրամահավաք ենք կազմակերպել: Ես “Երեխաների, բնության եւ կենդանասերների ասոցիացիաե ՀԿ-ի նախագահն եմ. մեր խորհուրդն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին Մարտունիում էինք, երեկ՝ Վարդենիսում: Կգնանք բոլոր քաղաքները”:
Զրուցեցինք նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, որն ասաց, թե այլ քաղաքներում դրամահավաք սկսելն “անձնական նախաձեռնություն է”. “Անհատական մոտեցում է: Դա անհատ բիզնես է”: Քաղաքապետը հավաստիացրեց, թե տեղյակ չէ, որ իր քաղաքի կենդանաբանական այգու պահպանության համար տնօրենը ստիպված է Հայաստանի այլ քաղաքների բնակիչներից դրամական օգնություն խնդրել: Ասել է թե՝ քաղաքապետին չի հետաքրքրում իր ղեկավարած քաղաքի նմանատիպ միակ զվարճանքի կենտրոնի ճակատագիրը: Միայն վստահեցրեց, որ երբ իրեն դիմել են, ինքն օգնել է (փաստը հաստատեց նաեւ այգու տնօրենը):
Ինչպե՞ս պետք է կարգավորվի այգու խնդիրը, որպեզի տնօրենը ստիպված չլինի գումար խնդրել ուրիշներից: Ըստ Արմեն Ավետիսյանի՝ ,այս հարցը պետք է կառավարության հետ լուծվիե: Այսինքն՝ կառավարությունը պետք է ստանձնի կենդանիներին կերակրելու, կենսական պայմաններ ապահովելու գործառույթը, որը տարիներ շարունակ չի անում:
Նկատենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1. հոդվածի՝ ,Մարզպետերն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը…ե: Ասել է թե՝ կառավարության ներկայացուցիչը մարզում մարզպետն է, տվյալ դեպքում՝ Կովալենկո Շահգալդյանը, որը պարտավոր է քաղաքի միակ այգու հոգսերը լուծելու խնդիրն առնվազն բարձրացնել գործադիր մարմնում՝ պահանջելով լուծում տալ:
Ինչո՞ւ մարզպետը չի աջակցում Ձեզ: ,Ժողովուրդե-ի հարցին մինչ այդ սիրահոժար պատասխանող Արմեն Ավետիսյանը հանկարծ հիշեց, որ ինքը բազմազբաղ մարդ է. “Ես հիմա զբաղված եմ, հետո՛ զանգահարեք: Ես էլ ոչինչ չեմ կարող ասել: Ցտեսություն”:
Երբ այս թեմայի շուրջ զրուցեցինք մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, նա ավելի ցինիկ գտնվեց, քան կարելի էր պատկերացնել. “Մենք այդ նպատակի համար, իհարկե, գումար չունենք: Ճակատագրի հարց լինի-չլինի, ի՞նչ նշանակություն ունի: Ինքը մեզ չի դիմել, այդ մասին առաջին անգամ եմ լսում: Բացի այդ, Հրազդանի կենդանաբանական այգին իր սեփականությունն է, եւ ես էլ տեղյակ չեմ՝ ինչ վիճակում է: Իսկ ինչի՞ պիտի ես գումար տամ: Պետական բյուջեով գումար այդ այգու համար նախատեսված չէ: Ինքը ինչ է անում՝ իր խնդիրն է. ուր կուզի՝ թող գնա, որտեղից կուզի՝ թող հայթայթի”:
Այսպիսով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչը պաշտոնապես իր ղեկավարած մարզի բնակիչներին հորդորում է զբաղվել մուրացիկությամբ: Այսօր նա Արմեն Ավետիսյանին է նման արհամարհական ձեւով պատասխանում, վաղը մեկ ուրիշին կպատասխանի: Դրա համար էլ մարդիկ արտագաղթում են երկրից: Ստացվում է, որ Կովալն իր “դրական” որակները ցույց է տալիս՝ միայն իրենից բարձր պաշտոնյաների եւ հարուստների առջեւ մի քանի ծալ խոնարհվելով:
Հավելենք, որ Հրազդանի կենդանաբանական այգու մուտքի մեկ տոմսն արժե 200 դրամ: Ու հենց այս այգում էր, որ 2010-ի նոյեմբերի 28-ին քաղցած առյուծը հոշոտեց իրեն կերակրող 21-ամյա Նվեր Սարգսյանին, որը, հիվանդանոց չհասած, մահացավ:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 540 համար