Գայանե Առուստամյանի գործով բողոքի քննությունը կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հունվարի 14-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց տուժող Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կողմից՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ա. Սաքունցը ներկայացրել էր բողոքը և խնդրել հետաձգել դատական նիստը՝ նախաքննության նյութերին ծանոթանալու նպատակով: Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Մ. Սարգսյանը, բողոքի քննությանը չէր ներկայացել վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանը: Դատական նիստի ընթացքում քննարկվեց վարույթն իրականացրած մարմնի բացակայությամբ բողոքի քննությունը շարունակելու հարցը: Դատախազ Մ. Սարգսյանը նշեց, որ բողոքի քննությանն անհրաժեշտ չի համարում վարույթն իրականացրած քննիչի մասնակցությունը, և այդ հարցի լուծումը թողեց Դատարանի հայեցողությանը:

Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը պարտադիր համարեց Ա. Թադևոսյանի մասնակցությունը, քանզի վերջինս է անմիջականորեն վարել քրեական գործը: Դատարանը, քննության առնելով քննիչի բացակայությամբ բողոքի քննությունը շարունակելու հարցը, լսելով կողմերի կարծիքներն այդ կապակցությամբ, գտավ, որ հնարավոր չէ բողոքի քննությունը շարունակել վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանի բացակայությամբ: Այսպիսով, բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2016թ. փետրվարի 24-ին՝ ժամը 10:30-ին:




Լրահոս