Պարզվել են երեք անձի դանակահարության մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել անչափահասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են երեք անձի դանակահարության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ձերբակալված անչափահասին մեղադրանք է առաջադրվել։

2015 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 21:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է ընդունվել 3 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս:
Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նույն օրը նշված երեք անձինք ճանաչվել են որպես տուժողներ:
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ստեփանավանի բնակիչ է, անչափահաս:

Նախնական քննության տվյալներով՝ անչափահասը 2015 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ստեփանավանի զբոսայգում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է տուժողների հետ, որի ժամանկ էլ իր մոտ գտնվող գաղտնի փականով ծալովի դանակով հարվածներ է հասցրել վիճաբանությանը մասնակից երեք երիտասարդներին՝ նրանցից երկուսին պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ մեկին՝ թեթև վնաս, այնուհետև դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 117-րդ հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս