Ֆինանսների նորանշանակ նախարարի՝ ունիկալ նախաձեռնության մասին լուրը հերքվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է մամուլի տեղեկությունները՝ նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանի “ունիկալ” նախաձեռնության վերաբերյալ:
“Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը, որևէ առնչություն չունի իրականության հետ:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել”,-ասված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ armlur .am-ը հայտնել էր, որ ըստ “Հրապարակ” թերթի՝ “Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց հետո մի “ունիկալ” նախաձեռնությամբ է հանդես եկել”:
“Նա թերեւս մտածում է, որ ֆինանսների նախարարի թիվ մեկ պարտականությունը խնայողություններ անելն է, եւ, հավանաբար, սրան է գումարվել նաեւ մամուլի նկատմամբ իր եւ իր թիմի նեգատիվ վերաբերմունքը, ու նա որոշել է հաճելին օգտակարի հետ համատեղել՝ խնայողության անվան տակ արգելել թերթ կարդալը:
Եվ առաջինը, ինչն արել է՝ պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին, պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ըստ գերատեսչական մեր աղբյուրների, այս հրահանգն առաջին հերթին վերաբերում է անկախ եւ ընդդիմադիր մամուլին:
Մենք էլ կարծում էինք, թե այս իշխանությունն օրերից մի օր կհասկանա, որ ազատ մամուլին աջակցելը, մամուլը կայացնելը երկրի զարգացմանն ուղղված քայլ է եւ պետության հիմնական պարտականություններից մեկը”,-գրել է թերթը:




Լրահոս