Գավառի մանկատան նախկին սաներն ավելի քան տասը տարի է` ապրում են Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեում գտնվող վթարային հանրակացարանում: Շենքի պատերից քարեր են թափվում, իսկ կիսաքանդ ընդհանուր զուգարանների տհաճ հոտը տարածվում է ողջ հանրակացարանով, որտեղ մարդիկ ապրում են, ուտում ու քնում: “Ժողովուրդ”-ը եղավ հանրակացարանում, հանդիպեց մանկատան նախկին սաների հետ եւ ծանոթացավ պայմաններին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կառավարության շենքի առջեւ Գավառի մանկատան նախկին սաները “Պետության կողմից լքվածները” ցուցապաստառով բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են օրենքով իրենց հասանելիք բնակարանները: Կառավարության նիստից հետո սաները հանդիպել էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Վերջինս էլ խոստացել էր, որ կուսումնասիրի խնդիրը: “Համապատասխան մարդիկ կգան, կուսումնասիրեն պայմանները, որից հետո լուծումների մասին ձեզ կասենք”-հայտարարել էր Արտեմ Ասատրյանը, որին ներկաներն այսպես էին արձագանքել. “Մինչեւ համապատասխան մարդկանց գալը շենքն արդեն կփլվի”:
Մանկատան սաներից “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ակցիայի հաջորդ օրը նախարարի խոստացածի պես համապատասխան մարդիկ եկել էին, ուսումնասիրել պայմանները, “ցուցակագրել” նրանց ունեցածը, նաեւ խոստացել, որ “այս տարի բնակարանների հարցը կլուծվի”, ու գնացել: Նրանց այցից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն դեռ ոչ մի արձագանք չկա, եւ սաներն արդեն չեն հավատում այդ խոստումներին:
“Արդեն ութ տարի է, ինչ այս հանրակացարանում եմ ապրում: Երեք երեխա ունեմ ու այս վատ պայմաններում… կինս աման է լվանում, որպեսզի գոնե կարողանանք մի կտոր հացի փող վաստակել: 1991-ին դուրս եմ եկել մանկատնից ու երեք տարի ապրել եմ փողոցներում: Կա՛մ բնակելի շենքերի մաքուր մուտքերում էի քնում, կա՛մ էլ գնում էի ոստիկանություն ու այնպես էի անում, որ տանեին նստացնեին… գոնե գաղութում մահճակալ կա”,-թախծոտ հայացքով հիշեց մանկատան նախկին սան Իգոր Կարամանյանը:
Սրանից մի քանի տարի առաջ մասնագիտությամբ էլեկտրիկ Իգորին եւ իր փոքրիկ ընտանիքին ուղարկել են Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղ՝ ապրելու: Սակայն Կարամանյանները չեն կարողացել հարմարվել պայմաններին եւ վերադարձել են: “Գնացինք ու տեսանք, որ գյուղացիների մեծ մասն աշխատում է Երեւանում. այնտեղ աշխատատեղ չկար: Ու հետ եկանք… այնտեղ ապրելու տեղ չէր: Անասնագործությամբ պետք է զբաղվեինք, բայց թե ոնց էինք իրացնելու կաթն ու մածունը, չգիտեմ”,-նկատեց մեր զրուցակիցը:
Իգորի խոսքով՝ հանրակացարանի շենքն ունի սեփականատեր՝ “Տրուդ ռեզերվ” ընկերությունն է, որի տնօրեն Արայիկ Մեհրաբյանը, “խղճալով երեխաներին, սաներին թողնում է իր շենքում ապրել”:
“Ի՞նչ անենք, նույնիսկ չենք կարող գնալ, վարձով բնակարանում ապրել: Համապատասխան ֆինանսական միջոցներ չունենք”,-դժգոհեց սաներից Լուսինեն՝ հանդարտեցնելով գրկում լացող փոքրիկին:
Իգորը եւ հանրակացարանի մի քանի բնակիչներ որոշել են՝ հարցը չլուծվելու դեպքում գնալու են Սերժ Սարգսյանի նստավայր ու իրենց ՀՀ անձնագրերը գետնին շպրտեն: “Մեր անձնագրերը շպրտելու ենք ու ասենք` մենք էս երկրից դուրս ենք գալիս, այս երկիրը մեզ համար չէ: Եթե մի երկրում չունես բնակարան, հող, աշխատանք, ուրեմն էս երկիրը քոնը չէ”,-կտրուկ տոնով հայտարարեց Իգորը:
Սաների պատմելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս անցյալ տարի այցելել է հանրակացարան ու անձամբ ծանոթանալով վթարային շենքի պայմաններին՝ խոստացել հարցին լուծում տալ: “Միայն խոստանում են: Հերթական սուտ խոստումներն են: Թող իրենք գան, դույլով տաք ջուրը տամ ձեռքները, մտնեն ընդհանուր բաղնիք ու լողանան: Տեսնեմ էս պայմաններում կարո՞ղ են լողանալ: Կլողանա՞ն”,-զայրացած հարցրեց Լուսինեն:
Նշենք, որ հանրակացարանի երկար միջանցքներում տհաճ հոտ է տարածված: Իսկ խոնավացած ու կիսաքանդ առաստաղներն ու պատերը ստիպում են զգուշությամբ քայլել: Հանրակացարանի բնակիչների խոսքով՝ շենքի գլխավոր ջրագիծը սարքին չէ, բացի այդ, ջրատար խողովակները հին են, իսկ ջուրն անընդհատ պատի վրայով հոսում է: Ընդ որում, այդ նույն պատկերը եղել է նաեւ վարչապետի այցի ժամանակ: Նույնիսկ աղբատար մեքենա չի մտնում շենքի բակ, որտեղ վաղուց մեծ սարի նման աղբ է կուտակված:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 541 համար