Ինչպես է կատարվելու նոր օմբուդսմենի ընտրությունը. ինչ է ենթադրում փոփոխված Սահմանադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո նոր ՄԻՊ-ի բազմաթիվ անուններ սկսեցին շրջանառվել: Նրանց թվում էին, օրինակ, պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Թևան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, բայց վերջնական թեկնածուի անունը պարզ կդառնա հետագայում:

Սակայն այստեղ հետաքրքիրն այն է, որ մարդու իրավունքների նոր պաշտպանին ընտրելու են Սահմանադրության նոր օրենքներով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր Սահմանադրության անցումային դրույթներով` ՄԻՊ նախագահին պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդով, այսինքն` գրեթե ամբողջ ԱԺ-ն պետք է կողմ քվեարկի:

«Մի թեկնածու պետք է լինի, որը լայն համաձայնության պետք է արժանանա ԱԺ կողմից, այդ թվում` հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից», – ընդգծեց պատգամավորը:

Նշենք, որ հաջորդ օմբուդսմենի ընտրությունը պետք է կայանա հրաժարականի մեկ ամսվա ընթացքում, իսկ հրաժարականն էլ կհաստատվի ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում, եթե Կարեն Անդրեասյանը հրաժարականի ևս մեկ դիմում ներկայացնի: Եվ եթե հաշվի առնենք, որ խորհրդարանում այս պահին մեծամասնություն հանդիսացող երկրորդ ուժ ԲՀԿ-ն գրեթե մշտապես համակարծիք է լինում ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՅԴ-ի հարցում, դժվար թե, առանձնակի դժվարություններ լինեն, ապա նոր ՄԻՊ-ը կընտրվի իշխանական շրջանակներից և, միգուցե վայելի Կարեն Անդրեասյանին անխնա քննադատողների համակրանքը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս