Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանին։ Քննիչը հունվարի 15-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Ա.Օվոյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Օվոյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառել է նրա տանը հյուրընկալված, 1974թ. ծնված մի կին՝ Ա.Սուքիասյանը։
Նախնական քննության տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ կնոջ ծանոթին Ա.Օվոյանի կողմից իր տանից նախորդ օրը դուրս հանելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով Ա. Օվոյանը մահացել է։
Նախաքննությունը շարունակվում է: