Ինչ սպասել 2016-ին. ԵՏՄ-ի համար տարին բարդ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Независимая газета-ն 2015 թվականի վերջին ամփոփել էր ԵՏՄ գործունեության մեկ տարին և այն անհաջող համարել:  Եվ չնայած մեծ խոստումների ու ծրագրերի, թերթը նկատել էր, որ ԵՏՄ-ի գործունեության առաջին տարին անարդյունավետ է համարվում: Չէ որ, ողջ տարին միության ներսում հակասություններ էին տիրում, և այն ցնցվում էր սկանդալներից: Դրանց  մեծ մասն արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի վրա պատժամիջոցների հետևանք էր:

Դաշինքի ներսում անդամ-երկրները պարբերաբար մտավախություն էին հայտնում, որ Ռուսաստանը կարող է փորձել ԵՏՄ-ն օգտագործել քաղաքական նպատակներով: Անհանգստություններն ուժեղանում էին նաև արժութային միություն ստեղծելու և միասնական արժույթ շրջանառության մեջ դնելու Ռուսաստանի ցանկության պատճառով: Ինչպես հայտնի է` 2016 թվականին ԵՏՄ նախագահությունը Բելառուսից անցնելու է Ղազախստանին: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ հաջորդ քայլը դժվար կլինի, բայց վստահեցրել է, որ Աստանան առավելագույն ջանքերը կգործադրի, որպեսզի ԵՏՄ-ն զարգանա և հաջող աշխատի:

Չնայած նրա հայտարարություններին և խոստացվող ջանքերին, այս տարի ևս դժվարությունները կշարունակեն հետապնդել տնտեսական կառույցին: Համենայնդեպս, այդպիսի տեսակետ են արտահայտում նաև փորձագետները: Վերջերս տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ: Աստանայից` «Նուր Օտան» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը` որպես ԵՏՄ-ում այս տարի նախագահող երկրի ներկայացուցիչ, հաստատեց, որ 2016 թվականը բարդ տարի է լինելու:

Տեսակամուրջի մասնակիցները, ովքեր անդամ երկրների ներկայացուցիչներից էին, իրավիճակի բարելավման մի քանի ուղիներ էին առաջարկում: Մասնավորապես, Տելնովը ընդգծեց, որ ԵՏՄ երկրները պետք է ինչ-որ կերպ ուրվագծեն ֆինանսական ոլորտում համագործակցության հեռանկարներ: Իսկ ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը դրական է համարում  խնդիրների լուծման ճանապարհին ԵՏՄ-ում վերազգային մարմինների ստեղծումը:

Դե ինչ, սպասենք զարգացումների, բայց ռուբլու մշտական տատանումները, տնտեսական պատժամիջոցներն ու արտաքին քաղաքականության վայրիվերումները ոչ մի լավ բանի չեն կարող հասցնել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս