ՀԱՐՑ. Եթե ես իրականացնում են գործունեություն քաղաքաշինության բնագավառում, բայց պահանջվող համապատասխան լիցենզիա չունեմ, ապա օրենսդրությամբ որեւէ պատասխանատվություն նախատեսվա՞ծ է, եթե այո՝ ինչպիսի՞:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ, նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումները հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախ լիցենզավորված եւ օրինական գործունեություն ծավալող կառույցներն են տեղի-անտեղի տուգանվում: Ու որքան էլ մեր ընթերցողը փորձել է հստակեցնել իրեն հուզող խնդիրը, այսուհանդերձ, պատասխանը թերեւս նրա համար էլ էր կանխատեսելի: