ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՂՈՒՇ ԲԱՍԸ
Մայիսի 15-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել էր Արագածոտնի մարզի գյուղական համայնքներ: Հանդիպման ժամանակ շենավանցիները ԱԺ նախագահին դժգոհել էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից. «Գյուղնախարարը պետք է լինի գյուղացի, որ իմանա գյուղացու հոգսը, դարդը: 11-րդ հարկի ապրողին, ղուշ պահողին բերան տվան գյուղնախարար: Գյուղացին թողնում էթում ա արտագնա աշխատանքի»:

ԿՎՃԱՐԵ՞Ք ՓՈՂԵՐՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումներ: Այսինքն՝ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին եւ հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում: «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանից, սակայն ստացանք բավական տարօրինակ պատասխան: «Ես օդանավակայանում եմ՝ Մոսկվայում: Դուք կվճարե՞ք իմ փողերը, հա՞»,-ասաց ու անմիջապես անջատեց հեռախոսը:

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Գոմեշի մսի գործով նախորդ տարվանից կալանքի տակ գտնվող Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է՝ ելնելով առողջական վիճակից: Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը նշել է, որ Օհանջանյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում երկու անգամ սրտի կաթված է տարել, իսկ վերջին կաթվածից հետո պաշտպանը հանդես է եկել խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Այսպիսով՝ առավել հիմնավորվեց այն տեսակետը, որ գոմեշի մսի գործը սովորական շոու էր, որի արդյունքում, ինչպես միշտ, եղավ շատ աղմուկ, իսկ մեղավորների` Սերժ Սարգսյանի ասած «մեծերի գլխից» այդպես էլ չբռնեցին:

15 ՄԻԼԻՈՆԸ` ԿՐԱԿԻՆ
«Սպայկա» ՍՊԸ-ի մոտ 15 հազ. քմ տարածք զբաղեցնող (12 հազ. տոննա տարողությամբ) սառնարանային տնտեսությունը, որն ամբողջությամբ այրվել է նախօրեին բռնկված հրդեհի հետեւանքով, ապահովագրված է եղել: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը: Անդրադառնալով վնասի չափերին` նա նշել է, որ դրանք դեռ հայտնի չեն, հաշվարկվում են: Նրա ներկայացմամբ` սառնարանային տնտեսության մեջ ներդրված է եղել 15 մլն դոլարից ավելի գումար:

ԲՀԿ-Ի 4-ՐԴ ՀԱՄԱՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել։ Նախկին մարզպետի եւ մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռեւս մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի 1-ին կետերով, որով նախաքննությունն իրականացնում է ՀՔԾ-ն։ Նախաքննության ընթացքում, բացի նախկին մարզպետից, հարցաքննվել են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք։ Հիշեցնենք, որ Բագրատյանը Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր ԲՀԿ ցուցակի 4-րդ տեղը:




Լրահոս