Արարատի մարզի Նշանավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված, կոչումով լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով սահմանապահ զորամասի դասակի հրամանատար՝ նա 2012թ. դեկտեմբերի 14-ին շարք կանգնելուց ուշանալու պատճառով իր նկատմամբ ստորադրյալ զինծառայողներ հանդիսացող, շարքայիններ Պ. Վ.-ից եւ Ա. Պ.-ից անձնակազմի ներկայությամբ պահանջել է հանել զինվորական գլխարկները եւ շարքի դիմաց վերջիններիս գլուխները մի քանի անգամ հարվածել է իրար՝ ստորացնելով զինվորների պատիվն ու արժանապատվությունը: Նախկինում չդատված Դ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը): Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատական առաջին նիստը նշանակված էր մայիսի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում: Այն, սակայն, անհայտ պատճառով չի կայացել: Իսկ հաջորդ նիստը նշանակված է մայիսի 21-ին:
Տավուշ