Օրերս հայտարարվեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին: Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը կարող է նոր հնարավորություններ բացել Իրանի հետ անմիջական հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:
Սակայն Հայաստան-Իրան հարաբերությունների լայն թափով զարգացմանը թերևս կարող է խոչընդոտել միայն Ռուսաստանը: Տարիներ շարունակ Հայաստանը փորձում է այլ երկրների և միությունների հետ հարաբերություններ կառուցել առանց բարկացնելու ռուսական կողմին:
Պատժամիջոցների վերացմանն արձագանքել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ: Չնայած Իրանի ունեցած տնտեսական դժվարություններին՝ սպասվում է, որ իրանական տնտեսությունը դրական մեծ աճ կարձանագրի: Իհարկե, առաջին հերթին դա հնարավոր կլինի Իրանի կողմից նավթի և գազի արտահանման ծավալները մի քանի անգամ ավելացնելու շնորհիվ: Ակնհայտ է, որ Իրանն օրեցօր ավելի է հզորանում, ուստի Հայաստանը պետք է ձգտի առավել խորացնել հարաբերություններն իր հարևանի հետ:
Իրանի վրայից միջազգային պատժամիջոցներն ամբողջությամբ հանելուց հետո Հայաստանի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ: Ակնհայտ է, որ Իրանն առաջիկայում կդառնա տարածաշրջանային առավել ուժեղ դերակատար, և նրա ազդեցությունը կմեծանա, ուստի Հայաստանի իշխանությունները հայ-իրանական հարաբերությունների մակարդակն առավել խորացնելու համար առավելագույն ջանքեր պետք է գործադրեն: