Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեռ չի դադարեցնում իր պայքարը: Շարժման անդամներին իրենց նպատակից հետ չկանգնեցրին անգամ Ամանորի գիշերը և հունվարի 5-ին տեղի ունեցած իրադարձությունները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտնեց, որ կպայքարեն մինչեւ հասնեն արդարության: Վերջինս փոխանցեց, որ պատրաստվում են հունվարի 22-ին առավել ակտիվորեն պայքարի դաշտ մտնել:
-Պարո՛ն Ղուկասյան, արդեն երկար ժամանակ է՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պայքար է ծավալում` այն ներկայացնելով որպես իշխանափոխության պահանջ: Դեռ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում Ձեր պայքարը շարունակել:
-Մինչեւ արդարություն: Ինչքան որ անհրաժեշտ է:
-Հասարակության մի մասը չի ընկալում Ձեր քայլը: Այս տեսակետին են նաեւ ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիները: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
– Այդ մարդիկ սխալվում են, որ մեր քայլերը լուրջ չեն ընդունում:
-Այդ դեպքում ինչո՞ւ նրանք եւս չեն միանում Ձեր պայքարին եւ համատեղ ուժերով փորձում արդյունքի հասնել:
-Նրանք վախենում են միանալ մեզ:
-Ինչի՞ց են վախենում: Արդյո՞ք իշխանության կողմից հնարավոր ճնշումներից, թե՞ վախենում են, որ միևնույն է՝ որեւէ արդյունքի չեն հասնելու:
– Իհարկե, ճնշումներից են վախենում:
-Արդյո՞ք Դուք վտանգ եք ներկայացնում, այդ պատճառով է իշխանությունը ճնշումներ գործադրում Ձեր նկատմամբ:
-Հո խաղ ու պար չէ, որ Գեւորգ Սաֆարյանին ձերբակալել են, Սյուզի Գեւորգյանին ծեծի են ենթարկել, երիտասարդ ակտիվիստ Հովհաննեսին ծեծի են ենթարկել: Ինչո՞ւ են դա արել: Ո՞վ է դա արել եւ ինչո՞ւ:
-Այսինքն՝ այդ կերպ փորձում են Ձեր շարժումը դադարեցնե՞լ:
-Փորձում են վախեցնել, որ վախենան եւ պայքարի, քաղաքացիական շարժման մի մասը չկազմեք: Մեզ չեն կարող վախեցնել, բայց Ձեզ կարող են վախեցնել:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում քաղաքացիական շարժման անդամները իրենց ակցիան նախատեսել էին իրականացնել տոնին համապատասխան՝ օգտագործելով դրան բնորոշ բաղադրիչներ, մասնավորապես՝ Ձմեռ պապ, Ձյունանուշ, տոնածառ, ինչը, սակայն, ոստիկանության կողմից թույլ չտրվեց: Ավելին՝ այդ օրը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվեց Գեւորգ Սաֆարյանը, ով մինչեւ այժմ անազատության մեջ է գտնվում: Իսկ օրեր անց` հունվարի 5-ին, «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանը երկու անձանց կողմից ծեծի ենթարկվեց` ստանալով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ