Հայկական կոշիկ արտադրողները առաջին անգամ մասնակցում են «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կոշիկ արտադրողները առաջին անգամ մասնակցում են «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին
Հայաստանի զարգացման հիմնադրամը հայաստանյան յոթ ընկերությունների հետ համատեղ առաջին անգամ ներկայացնում են Հայաստանը հունվարի 19-22-ը Մոսկվայում տեղի ունեցող «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերթյուններ շուրջ 30 երկրներից, իսկցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-12 հազար մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առևտրային ցանցերի ներկայացուցիչներից ու մեծածախ գնորդներից:

Արևելյան Եվրոպայի խոշորագույն մասնագիտացված այս ցուցահանդեսում իրենց արտադրանքը ներկայացնում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող հայաստանյան «Զեննի», «Էլեն 93», «Արմո Գրուպ», «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո» ընկերությունները և ԱՁ «Արմեն Սրապյանը»: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է կազմակերպվել նաև հատուկ գործարար ծրագիր, որը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և ընդլայնել արտահանման հնարավորությունները:

«Եթե դիտարկենք ցուցահանդեսի մասնակիցների աշխարհագրությունը, շուկայի ընդգրկումը, ապա վստահաբար կարելի է ասել, որ այն շատ արդյունավետ հարթակ է հայկական արտադրողների և մեծածախ գնորդ-կազմակերպությունների համար գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման, արտահանման հնարավորթյուների դիվերսիֆիկացման և նոր պայմանագրերի կնքման համար: Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է արտահանման խթանման, մեր արտադրանքի ճանաչելիության բարձրացման և ամրապնդման նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս