Փոքրիկ Սերյոժան հույսի միակ նշույլն էր. երեխայի մահն անտարբեր չթողեց ոչ ոքի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքրիկ Սերյոժան հույսի միակ նշույլն էր: Վեց ամսական փոքրիկի մահվան լուրն անտարբեր չթողեց ոչ ոքի: Շատերը խոսելիս անգամ չէին կարողանում զսպել իրենց հուզմունքն ու արցունքները:

Նա պիտի պայքարեր, պիտի ապրեր… բայց անզոր էր կարոտի դեմ… փոքրիկ հրաշքն առանց հարազատների չդիմացավ…

Դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամ Սերյոժա Ավետսիյանին նվիրված ծրագիրը ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը չեղյալ հայտարարեց: Սերյոժային հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:

Նախորդ տարվա հունվարի 18-ի երեկոյան Սերյոժայի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին` ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով ստացված համալիր դատաբժշկական փորձաքննությամբ առաջին սենյակում` հյուրասենյակում, գտնվել է Աիդա Ավետիսյանը, նա չի հասցրել տեղաշարժվել: Ճիշտ է, վերմակը բարձրացված է եղել, ինչը, սակայն, չի խոսում նրա մասին, որ նա արթնացել է ու տեղից շարժվել: Մինչ քննիչները հասել են դեպքի վայր, բժիշկներ են եղել այնտեղ, փորձել առաջին օգնություն ցույց տալ: Իհարկե, կարող է վերմակը բարձացված լինելը կամ չլինելը փաստել նրա մասին, որ նա արթնացած է եղել: Հասմիկ Ավետիսյանը արթնացած ու անկողնուց տեղաշարժված է եղել, քանի որ նրա ոտքերը անկողնուց դուրս են եղել դեպի ներքև: Ավագ Սերյոժա Ավետիսյանը` պապիկը, եղել է անկողնու մեջ, կարծես, տեղաշարժված չլիներ: Սակայն փորձագետի եզրակացությամբ` նա, ըստ էության, պայքարել է, որի մասին է վկայում դատաբժշական եզրակացությունը:

Սերյոժա Ավետիսյանի վրա եղել են նաև քերծվածքներ, բութ գործիքով հարվածների հետքեր: Ինքնաձիգի փողի և խզակոթի վրա հայտնաբերվել է նրա արյան ԴՆԹ-­ն: Ինչ վերաբերում է երկրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը և երկու մանկահասակ երեխաներին, ապա դատաբժշկական եզրակացությունը հավաստում է, որ Արմեն Ավետիսյանը  արթուն է եղել, քանի որ նրա դիակը հայտնաբերվել է գետնի վրա:

Արաքսյան մահճակալի մեջ է եղել, փոքրիկ Սերյոժան` նրա գրկում: Արաքսյան ստացել է նաև մարմնական վնասվածք կտրող-ծակող գործիքով: Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սվին դանակի արյան վրա եղել է արյան խառնուրդ, որը համապատասխանել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խմբին: Սա տրամաբանական է, մայրը փորձել է պաշտպանել որդուն:

Ավետիսյանների բնակարանը փոքր է, և մի քանի քայլ կատարելով` կարելի է հասնել մի ծայրից մյուսը:  Մարդիկ փորձել են պայքարել, բայց այնքան կարճ ժամանակում է եղել դեպքը ու փոքր տարածքում, որ չեն կարողացել ոճրագործին վնասազերծել:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս