ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎ ԴՈՒ` ԱՆԴՐԻԱՍ
«Հայաստանի քաղաքական իրականության առկա քաղաքական կուսակցություններից որեւէ մեկը դրական դեր չի խաղացել երկրում ստեղծված ծանր դրությունը փոխելու հարցում»,-երեկ հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` կարծիք հայտնելով, որ ընդդիմադիր ճամբարում անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի ստեղծումը: Ղուկասյանը նշել է, որ ինքը հարում է սոցիալ-դեմոկրատական գաղափարների եւ մինչեւ տարեվերջ մտադիր է նոր կուսակցություն ստեղծել:

«ԴՈՐԻԱՆՍ»-Ը ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ
ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի գնահատմամբ` «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը հանդես է եկել լավագույնս: Հարցին, թե այդ դեպքում ինչը դարձավ պատճառ, որ Հայաստանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, երգչուհին «ԳԱԼԱ»-ին ասել է. «Դա ոչ մի բան չի փոխում ինձ համար, ամենաիդեալականը «Դորիանս»-ինն է եղել: «Եվրատեսիլ»-ն ունի իր օրենքները, ունի իր դոնորին հավանաբար: Երբ որ տեսնում ես, թե ինչպես են քվեարկում, ապա դա հավանաբար քաղաքական, այսպես ասած, միջոցառում է»: Ըստ Շուշան Պետրոսյանի` գլխավոր մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է եղել:

ՉՆՉԻՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
«2013թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 35.000 դրամից կդառնա 45.000 դրամ»,-երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Նախագահը մեր առջեւ խնդիր է դրել, որ մենք պետք է ձեր դատին ներկայացնենք մի ծրագիր, որն ապահովելու է աշխատավարձերի շոշափելի աճ: Այսօր մենք այդ հաշվարկներն իրականացնում ենք եւ կներկայացնենք շուտով ձեր դատին մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն աշխատավարձի բնագավառում պետության քաղաքական մոտեցումները»,-նշել է վարչապետը:

ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ
«Այսօր կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որ գազը մատակարարվի առավել մատչելի, դրա համար անում ենք ամեն ինչ՝ սկսած Իրանի հետ քննարկումներից, ավարտած մեր ավանդական ռազմավարական գործընկերոջ հետ բանակցային գործընթացով: Քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են շարունակվում, նպատակն է գտնել այնպիսի լուծումներ, որ թույլ կտան նվազեցնել գազի գինը»,-երեկ ԱԺ-ում հավաստիացրել է Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սահմանի վրա ֆիքսված գինը 30%-ով նվազեցնելու համար. «Կներկայացնենք սուբսիդավորման մեխանիզմները, երբ կներկայացնենք պայմանագիր Ռուսաստանի հետ»:

ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ԿՀԱՐՑԱՔՆՆԵՆ  
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությունը: Դատարանը որոշել է հարցաքննել  Հայրիկյանին, որն արդեն Հայաստանում է: Գործով մեղադրվող, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կտրականապես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուս երկու ամբաստանյալները մասնակի են այն ընդունել` նշելով, որ մահափորձ չեն արել, այլ վախեցրել են: Վ. Սեդրակյանն ասել է նաեւ, թե բոլոր երեք ամբաստանյալներին անհրաժեշտ է ենթարկել դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:




Լրահոս