2015-ին Beeline-ի հովանավորությամբ ավելի քան 2400 երեխա մասնակցել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 2400 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին և մոտ 3000 այցելու օգտվել է ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնից:

Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

2015 թվականի ընթացքում իրականացվել են նաև «Կուբիզմի ներածություն» և «Ինչ են պատմում զարդանկարները» կրթական ծրագրերը՝ ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: Վերջիններիս շրջանակներում կազմակերպվել է 70 կրթական պարապմունք, որոնց մասնակցել է 1200 երեխա, կազմակերպվել են շրջայցեր կենտրոնի ցուցասրահներում, արվեստագետների կյանքի, գործունեության և արվեստի ուղղությունների մասին ներկայացումներ, ծանոթություն թանգարանում ներկայացված նմուշներին, գաղափարներին և ոճին։ Ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կենտրոնի մասնագետների աջակցությամբ ստեղծել իր աշխատանքը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը 2015թ–ին թևակոխեց նոր փուլ և Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները խթան հանդիսացան երեխաների ու նրանց ծնողների համար հաղորդակցվելու արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ հարստացնելու իրենց առցանց գիտելիքները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Թանգարանային կրթությունը ԳԱԿ-ի առաջնայնություններից մեկն է, և մենք բարձ ենք գնահատում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին ուղղված մեր գործընկեր Beeline-ի շարունակական հովանավորությունը: Նախորդ տարի ևս Beeline-ի հովանավորությամբ բազմաթիվ երեխաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերին և թանգարանային միջավայրում նորովի հաղորդ դարձան բազմապիսի ցուցադրությունների և հայ արվեստագետների աշխատանքներին»,– ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:




Լրահոս