ԱՄԵՐԻԿԱՆ ԼՌԵԼՅԱՅՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դիվանագիտական արխիվը հանրայնացրած «Վիկիլիքսի» փաստաթղթերը: Այսօր կանդրադառնանք ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի հեղինակած զեկուցագրին, որը պատմում է դիվանագետի եւ այնժամ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին: Այն տեղի է ունեցել 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, եւ քննարկումը ընթացել է ընտրախախտումների հարցի շուրջ:

Այսպես, Գոդֆրին տեղեկացնում է, որ հանդիպման նախաձեռնությունը պատկանել է ամերիկյան կողմին` նպատակ ունենալով Քոչարյանին որոշ մեսիջներ փոխանցել: Ամերիկացիները կոչ են արել վերջինիս հրահանգել դատախազությանը քայլեր ձեռնարկել ընտրախախտումներ թույլ տվողներին պատժելու ուղղությամբ: Քոչարյանը համաձայնել է հրապարակային հայտարարություն անել, որ ընտրախախտումներ կատարողները խստագույնս պատժվելու են: Է. Գոդֆրին, անդրադառնալով 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանին, նկատել է, որ իր կարծիքով իշխանությունը բավականին դրական է աշխատել` հաշվի առնելով հավաքների ազատության, ընդդիմության համար լրատվության հասանելիության եւ ընտրացուցակների կազմակերպման հարցերում կատարված աշխատանքները: Գոդֆրին հատկանշել է 500 հազար քվեարկողների խնդիրը, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում, սակայն չկան կառավարության տվյալների բազայում, ինչի կապակցությամբ, սակայն, ամերիկացի դիվանագետը խոստացել է հայտարարությամբ հանդես չգալ` մտավախությամբ, որ այն կարող է ազդել քվեարկության նկատմամբ հասարակական վստահության վրա: Ամերիկացին հավելել է, որ խնդիրը կարգավորելը կապված է օրենսդրական հարցերի հետ եւ այդ կապակցությամբ շարունակվում են քննարկումները ամերիկյան մասնագետների ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջեւ:
Մինչդեռ այս ձեւակերպումների հեղինակը պետք է լիներ հենց Քոչարյանը, այլ ոչ թե ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, որը բարձրաձայնում է, թերեւս, ընտրական համակարգի ամենակարեւոր հիմնախնդիրը: Սակայն պարզվում է, որ ամերիկացիները այդ մասին պաշտոնական հայտարարություն չեն անում` քաջ տեղյակ լինելով հանդերձ ընտրացուցակների` կեղծիքների ակունքը լինելու փաստին: Ավելին` հիշենք, որ հենց այս ընտրություններից հետո էր, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը աննախադեպ քայլ արեց ու պաշտոնական շնորհավորանք ուղարկեց վարչապետ Սերժ Սարգսյանին, որը ՀՀ առաջին դեմքը չէր տվյալ ժամանակահատվածում: Հաշվի առնելով Գոդֆրիի ընդգծված դրական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ` կասկած չկա, որ վերջինիս կուսկացության հաղթանակի պատճառով է դիվանագետը խորհուրդ տվել իր կառավարությանը շնորհավորանք ուղարկել: Հիշեցնենք, որ Քոչարյանի կողմից սատարվող ԲՀԿ-ն այդ ժամանակ բավականին քիչ ձայներ էր հավաքել` ի հեճուկս Քոչարյանի ու նրա շրջապատի սպասելիքների:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Է. Գոդֆրին Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի ու Եվրասիայի աջակցության ծրագրի համակարգող Թոմ Ադամսին ուղղված խնդրանքը, որով Քոչարյանն ակնկալում էր հայաստանյան դատախազների համար ընտրախախտումներին պատշաճորեն արձագանքելու ուսուցողական ծրագրեր իրականացնել: Պարզվում է, որ 2007թ. սկզբում մեկ ամսից ավել տեւողությամբ նման ծրագիր ԱՄՆ կառավարությունն իրականացրել է: Ի պատասխան այդ նկատառումների` Քոչարյանը հավաստիացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բավականին տպավորված է եղել ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսուցողական ծրագրով: Գոդֆրին ծաղրանքով նկատում է, որ ի հեճուկս գովեստների` Քոչարյանը հիմա տարատեսակ պատրվակներ է բերում, թե ինչու հրապարակված խախտումների կապակցությամբ ակտիվ ու առաջընթաց ապահովող քննություններ չեն կատարվում: Այնուհետեւ ամերիկացի դիվանագետը խնդրել է Քոչարյանին հանձնարարել գլխավոր դատախազին ակտիվ միջոցներ ձեռք առնել այս ուղղությամբ: Քոչարյանը շտապել է հակադարձել, որ խնդիրը իրականում ավելի խճճված է: Ըստ նրա` ՀՀ իշխանությունները նախորդ տարիներին բազմիցս են արժանացել քննադատության դատախազության գերակտիվ գործունեության համար, որը միջազգային շրջանակներն անգամ համարել են քաղաքականապես ուղղորդված: Գոդֆրին խնդրել է Քոչարյանին գոնե հրապարակային հայտարարություն անել, որ որեւէ ընտրախախտում չի հանդուրժվելու, ինչին ի պատասխան Քոչարյանը «մեծահոգաբար» համաձայնել է: Վերջինս, սակայն, չի զսպել իրեն ու վերապահում է արել, ըստ որի` ինքը չի սիրում հայտարարություններ անել, որոնց չի կարող կամ էլ չի ցանկանում հետամուտ լինել:
Փաստորեն, Քոչարյանը չի էլ թաքցրել, ավելին՝ վերոնշյալ վերջին ձեւակերպմամբ հստակեցրել է, որ ընտրախախտումներ անողները Հայաստանում պիտի անպատիժ մնան: Ավելին` նա իշխանության անգործությունը քողարկել է քաղաքական հետապնդումների շուրջ շահարկումներ թույլ չտալու մտահոգությամբ: Սակայն Քոչարյանի նախագահության թե՛ մենկարկը, թե՛ անփառունակ ավարտը փաստում են, որ նա ամենեւին էլ կանգ չի առել քաղաքական բռնությունների մեղադրանքների առաջ եւ երբեւէ չի էլ մտահոգվել այդ հարցով: Ցավալի է, սակայն, ամերիկացի դիվանագետի կեցվածքը, որը քաջատեղյակ լինելով ընտրախախտումների իրական բնույթի ու պատասխանատուների մասին՝ լռելյայն աջակցել է իշխանություններին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՏԱՄԻՖԼՅՈՒ ԵՂԵԼ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏԵՐՆ ԱՅԼ ԵՆ

Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, թե գրիպը եւ սուր շնչառական վարակները նահանջում են, երեկ խոզագրիպից մահվան եւս 2 դեպք գրացվեց: Ըստ ԱՆ-ի՝ պատճառը ուշ դիմելիությունը եւ ուղեկցող հիվանդություններն են:

Երեկ ԱՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի: Նրանցից 129-ը մինչեւ 18 տարեկան են: Իսկ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը երեխաներ են: Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:
Տեղեկացնենք, որ H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող տամիֆլյու դեղամիջոցը մինչեւ հունվարի 15-ը հանրապետության դեղատներում հնարավոր չէր գտնել: Հունվարի 14-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը եւ կվաճառվի ոչ ավելի, քան 11.500 դրամով: Հունվարի 15-ին հանրապետությունն ապահովվեց տամիֆլյուով, իսկ մինչ այդ տամիֆլյուն վաճառվում էր մոտ 20 հազար դրամով:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, տամիֆլյու դեղամիջոցի անհրաժեշտությունը կար, բայց հանրապետությունում համապատասխան քանակություն չկար: Ինչո՞ւ:
-Տամիֆլյուն միշտ եղել է, ավելին՝ հիվանդանոցային, իսկ աշխատանքային օրերը սկսվելուց հետո՝ պոլիկլինիկական ցանցում այն եղել է անվճար: Բացի տամիֆլյուից պոլիկլինիկական ցանցը մինչ այդ ունեցել է այլ տեսակի հակավիրուսային դեղորայք: Այսօր էլ տամիֆլյու կա, եւ որեւիցե հիվանդ, որը տամիֆլյուի կարիք է ունեցել, առանց դրա չի մնացել: Այս պահին մենք ունենք տվյալ դեղամիջոցի համապատասխան պաշարները եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք նորից բերել: Այնպես որ, այս թեմայի շուրջ, կարծում եմ, ապատեղեկատվություն են տալիս: Տամիֆլյու միշտ եղել է:
-ԱՆ-ի պաշտոնական կայքէջում հայտնվեց այն դեղատների ցանկը, որտեղից քաղաքացիները հնարավորություն ունեին նշված դեղը ձեռք բերել: Դա նշանակում է միշտ եղե՞լ է:
-Դեղատներում եւս եղել է: Մեր մշտադիտարկումներով այս պահին ազատ վաճառքում այն եւս կա: Որեւիցե մեկին ո՛չ արգելված է եւ ո՛չ էլ մենաշնորհ է տրված տամիֆլյու ներմուծելու ուղղությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ՈՐՈՇՈՒՄ
Բազմիցս հայտարարվել է, որ 2016 թվականի սկզբից Հայաստանի տարածքում հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում իրականացնելուց հետո բնակչության անապահով խավերին, ընտանեկան նպաստ ստացողներին պետության կողմից անվճար հատկացվելու են թվային ընդունիչ սարքեր: Հայաստանի տարածքում հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակումն արդեն իրողություն է: Տավուշի մարզի տարածքային սոցիալական ծառայությունները ստացել են ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի որոշմումը, որում նշված է, որ թվային հաղորդիչ սարքեր կհատկացվեն ընտանեկան նպաստ ստացող, կարիքավորության 34.6 եւ ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքներին: Նշենք, որ ընտանեկան նպաստ ստացողների մոտ մեկ երրորդ մասն ունի նման բարձր գործակից: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե թվային ընդունող սարքերը երբ կառաքվեն Տավուշի մարզ, եւ, փաստորեն, մինչ այդ մեծ թվով տավուշցիներ զրկված են հեռուստատեսային ծրագրեր դիտելու հնարավորությունից:

 

ՔՆՆԻՉՆ ՈՒ 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Հունվարի 26-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի եւ նրա բարեկամների դատավարությունը: Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: 1964թ ծնված Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը եւ նրան զրպարտել՝ մեղադրելով ծանր հանցագործության, առանձնապես խոշոր չափի՝ 476170000 ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հափշտակության մեջ: Հ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով եւ 344 հոդվածի 3-րդ մասով: Համանման մեղադրանք է առաջադրվել նաեւ 1981թ. ծնված Էդգար Ամիրյանին: Հրաչ Ներսիսյանի որդուն՝ 1994թ. ծնված Հայկ Ներսիսյանին, Հրաչյա Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանի որդիներին՝ 1986թ. ծնված Մարտին Ներսիսյանին, 1987թ. ծնված Նարեկ Ներսիսյանին եւ 1994թ. ծնված Ռաֆայել Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել քննիչ Մովսես Թամազյանի կողմից բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը խոչընդոտելու համար: Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով: Բոլոր ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս