ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ «ՊԱՏԵՐԱԶՄ Է» ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե ՀՀ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը տարին սկսել է «հին կադրերից» ազատվելով, որպեսզի համակարգում վստահելիներով շրջապատվի:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել: Արդյունքում, դատախազության համակարգում աննախադեպ կադրային ջարդ տեղի ունեցավ, եւ մոտ երեք ամսում շուրջ 100 դատախազներ դիմում գրեցին, ազատվեցին: Թվում էր՝ դատախազության «ներքին մաքրումները» ավարտվել են: Սակայն, ինչպես պարզվում է, այդքան էլ այդպես չէ:
Համակարգում կադրային ջարդի հաջորդ փուլը մեկնարկեց այս տարվա հունվարի 18-ին: Բանն այն է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը ազատվեց աշխատանքից: Գրել էինք, որ Ս.Խաչատրյանը անձնական դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Իսկ ի՞նչն էր եղել նրա ազատման պատճառը: Պարզել էինք, որ Սասուն Խաչատրյանն այս քայլին գնացել էր բարձր թոշակ ստանալու համար: Բանն այն է, որ քսան եւ ավել տարվա ստաժ ունեցողները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում նախկին կարգով հաշվարկվող կենսաթոշակ են ստանում՝ վերջին տարվա միջին ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով: Իսկ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո նրանց կենսաթոշակը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով, ինչն առավել ցածր կլինի: Չնայած Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատվել էր հանուն բարձր թոշակի, սակայն նշենք, որ նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի կադրերից է, իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները այդքան էլ լավ չեն: Ու դա առաջին դեպքը չէ, որ Գեւորգ Կոստանյանը համակարգից հեռացնում է Հրաչյա Բադալյանի կադրերին: Դեռեւս 2015 թվականին Գեւորգ Կոստանյանը հրահանգել էր Հրաչյա Բադալյանի մտերիմին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կարեն Բատիկյանին, աշխատանքից ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է նաեւ Տավուշի մարզի դատախազը, որը Աղվան Հովսեփյանի կադրերից էր: Չնայած տեսակետ կա, որ նա եւս աշխատանքից ազատվել է բարձր թոշակ ստանալու համար, սակայն տարօրինակ է, որ հենց հին կադրերն են նախընտրում բարձր թոշակ ստանալ ու լքել համակարգը:
Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում տիրող իրավիճակը այսքանով չի ավարտվում: Մեզ հասած տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը ոչ միայն հին կադրերից է ազատվում, այլեւ իր վստահելի աշխատակիցներին կարեւոր պաշտոնների է նշանակում, որպեսզի կարողանա դատախազությունում առկա իրավիճակն իր վերահսկողության տակ պահել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Գեւորգ Կոստանյանը այսպիսի կտրուկ քայլերի է գնում, քանի որ նրան չսիրող իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները պարբերաբար Սերժ Սարգսյանի սեղանին են դնում տարբեր շրջանների դատախազների կողմից արված մանր ժուլիկությունների դեպքերը: Որպեսզի Կոստանյանն ապացուցի, որ ինքը որեւէ առնչություն չունի ներքին օղակներում պտտվող «մաղարիչների» հետ, որոշել է «հնձել» համակարգը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրինակ՝ օրերս Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ: Արմավիրի մարզի դատախազի տեղակալը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալը նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ: Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սյունիքի մարզի դատախազը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ:
Ի՞նչ արդյունք կտան այս փոփոխությունները, եւ արդյո՞ք այս ճանապարհով Գեւորգ Կոստանյանը կկարողանա համակարգը իր ձեռքում պահել, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, նրա երիտասարդ թիմակիցները, որոնք ժամանակին լոբբինգ են արել, որպեսզի Կոստանյանը դատախազ դառնա, այսօր կանգնած են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ե՛ւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ե՛ւ դատախազ Գեւորգ Կոստանյանին Սերժ Սարգսյանը «նշանակել» է իր երիտասարդ թիմի խորհրդով: Բայց տարիներ անց պարզվեց, որ օմբուդսմենն «անհաջող կադր է». իրենց չի ենթարկվում, իսկ Կոստանյանն էլ իր հարաբերությունները խզեց երիտթեւի հետ դատախազություն մտնելուց ամիսներ անց: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս անգամ արդեն Գեւորգ Կոստանյանի դեմ սկսված արշավը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԵ՞Ն
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ կոչնչացնի Ճանապարհային ոստիկանության ողջ ծառայությունը. «Ճանապարհային ոստիկանությունը մեր դեմքն է, եւ քաղաքում տեսնում են՝ ինչ է կատարվում: Մեր հասարակությունը մեզ չի վստահում այդ թվում նաեւ ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի եւ նրանց աշխատաոճի հետ կապված: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ՝ մատով ցույց տալով, որ վերեւներին ենք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե ես էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասված հասկացությունը, հարկահավաքը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը: Խոսքս էս պարագայում ուղղում եմ ճանապարհային ոստիկանությանը: Դա ամբողջ համակարգն է փչացնում վերջին հաշվով, հասկանո՞ւմ եք, թե ոչ: Ճանապարհային ոստիկանությունը շատ դժվարին աշխատանք է տանում, բայց մի քանի թափթփուկ կարող է այդ ամբողջ աշխատանքը զրոյականի բերի»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանապետի խիստ հայտարարության եւ համակարգում թափթփուկների առկայության հարցերի շուրջ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ թափթփուկների մասին էր խոսում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ովքե՞ր են փորձում համակարգի գործունեությունը անվանարկել:
-Տեսանյութում ՀՀ ոստիկանապետը պատճառները շարադրում է, մնացած ամեն ինչը ասում է:
-Արդյո՞ք արձանագրված դեպքերն այն աստիճան աղմկալի էին, որ ստիպել էր ՀՀ ոստիկանապետին նմանօրինակ կոշտ հայտարարություն անել:
-Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանապետի հայտարարությանը, այո, պետք է բարկանալ, որպեսզի հետեություններ անեն:
-Եթե հետեւություններ չանեն, ինչ նոր մեխանիզմներ է ոստիկանությունը մշակել՝ հնարավոր դրսեւորումները կանխելու համար:
-Հրահանգներ միշտ էլ եղել են, այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք միշտ էլ տարվում է:

 

 

 

 

ՔԿՀ ՊԵՏԸ՝ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս տարվա հունվարի 4-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում ժամը 19:10-ի սահմաններում ինքնասպան էր եղել ՔԿՀ կալանավոր 21-ամյա Անզոր Կարապետյանը: Վերջինս այդ քայլին գնացել էր կարանտինային 6-րդ խցում զուգարանի դռան ճաղավանդակից կախվելու միջոցով: Նույն օրը Արմավիր ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել դատապարտյալ, նախկինում 5 անգամ դատված 36-ամյա Արմեն Փարսադանյանը: Ըստ դատապարտյալների շրջանում տարածված լուրերի՝ ՔԿՀ-ում խիստ պայմաններ են, ինչին դատապարտյալները չեն դիմանում: Որեւէ այլ ՔԿՀ-ում նման խիստ պայմաններ ու կանոններ չկան, ու թերւես դա է պատճառը, որ դատապարտյալները չեն դիմանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիր ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը, սակայն, վստահեցրեց, որ ՔԿՀ-ում այնպիսի պայմաններ են, որ շատ հյուրանոցներ անգամ չունեն. «Իսկ որպես մարդ բոլորին էլ ինքնասպանության դեպքերը անհանգստացնում են»: Ի դեպ, ՔԿՀ պետը նշեց, որ բոլոր դեպքերի մասով կա ձայնագրություն, եւ քննությունը ամեն ինչ կպարզի. «Սկզբից մինչեւ վերջ կա, թե ինչպես են դեպքերը եղել, այլ բան չեմ կարող ասել»:

 
300 ԿՐԱԿՈՑ
Հունվարի 20-ին եւ լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:

 

ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի անդամներից 25-ամյա Ասյա Մկրտչյանն ու 34-ամյա Մարինե Կաթանյանը շարունակում են պնդել, որ իրենք տեղյակ չեն եղել, թե զինված խմբավորման են անդամակցում: Նրանց փաստաբան Ինեսա Պետրոսյանի խոսքով` աղջիկներն ընդամենը աշխատանք գտնելու նպատակով են առնչվել զինված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Ընդ որում, Մարինե Կաթանյանը գրանցված է եղել Վարդանյանի ղեկավարած «Հայոց Վահան» կազմակերպությունում՝ որպես խորհրդատու, իսկ Ասյա Մկրտչյանը ցանկացել է պայմանագրային զինծառայող դառնալ, եւ նրան խոստացել են օգնել այդ հարցում: Նշենք, որ անցած տարվա նոյեմբերից անազատության մեջ գտնվող աղջիկների խափանման միջոց կալանքը նախօրեին եւս 2 ամսով երկարաձգվեց։

 

ՄԵԿՆԵԼ Է
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին։

 

ԿՀԵՐԹԱՊԱՀԵՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին՝ հունվարի 23-ին եւ 24-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն:

 

ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄՈՎ
Երեկ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչեւ 18 տարեկան։ Դուրս գրված եւս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Նշենք, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների եւ գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաեւ ծանր դեպքերը նվազման միտում ունեն:




Լրահոս