ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՊՆ նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը երփներանգ ծաղիկների ֆոնին արված լուսանկարների տրամաբանությունը փոխում է: Նա այժմ իր հագուստին ու արդուզարդին համապատասխան գույնով թռչնազգի կենդանիներ է հրավիրում աշխատասենյակ՝ տարաբնույթ դիրքերով լուսանկարվելով նրանց հետ: Երեկ համացանցում թռչնագրիպից բացի՝ թռչունների թեման էր արդիական դարձել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե օտարերկրացիները իրավունքի սահմանափակումներ ունե՞ն, եթե այո, ապա որո՞նք են դրանք:
Երանուհի Հայրապետյան (57 տարեկան, լաբորանտ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրացին չի օգտվում հետեւյալ իրավունքներից՝
– առանց վիզայի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու,
– ընտրելու եւ ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում,
– մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե),
– ընդունվելու հանրային ծառայության,
– ստեղծելու կուսակցություններ եւ դրանց անդամագրվելու,
– հողի նկատմամբ սեփականության իրավունքից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր եւ մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ, ինչպես նաեւ ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հասկանալ՝ եթե նպաստը վճարվել է, ապա հնարավո՞ր է բռնագանձում կատարել: Եթե այո, ապա խնդրում եմ՝ ասեք, թե ո՞ր դեպքերում է հնարավոր վճարված նպաստի բռնագանձում կատարել դիմողից:
Սաթենիկ Հարությունյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման դիմողից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ: Ավելացնենք նաեւ, որ երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը: