ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ համացանցից

Երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ մի խումբ երիտասարդներ պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները: Նրանք այդ մասին պահանջագիր հանձնեցին փոխդեսպանին: Բողոքի ակցիան նախաձեռնած «Հանուն oրենքի» կազմակերպության երիտասարդները փորձեցին խորհրդանշական ձեւով կաշառք հանձնել փոխդեսպանին՝ սեւ եւ կարմիր խավիարի տուփեր` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի «խավիարային քաղաքականությանը» որոշ շրջանակների տուրք տալը: Փոխդեսպանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ եթե բանաձեւերն ընդունվեն, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին կընդունեն դեսպանատանը եւ կլսեն նրանց դժգոհությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե ՀՀ քաղաքացին մեկնում է այլ պետություն, ապա այդ դեպքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք ունի՞, թե՞ ոչ։

Տիգրանուհի Հակոբյան (68 տարեկան,թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մինչ 05.02.2009թ. գործող կարգի համաձայն՝ այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում էր: Այլ պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին միանվագ վճարվում էր վեց ամսվա կենսաթոշակ կամ մինչեւ կենսաթոշակ ստանալու ժամկետը լրանալը, բայց վեց ամսից ոչ ավել:
Նշված գումարը կենսաթոշակառուին վճարվում էր նրա գրավոր դիմելու եւ հաշվառումից դուրս գալու դեպքում` մեկ ամսվա ընթացքում, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում էր: 05.02.2009թ. ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով եւ լրացումներով վերոնշյալ կարգը ուժը կորցրած ճանաչվեց: Այսուհետ, այլ պետության մշտական բնակության մեկնելու դեպքում քաղաքացու կենսաթոշակը վճարվում է լիազորագրով:

«Ձեր իրավախորհրդատու»փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները ուսումնական հաստատություն ընդունվելիս որեւէ արտոնությունից օգտվելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ։ Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ աշխատաժամանակ է սահմանվում 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին։

Մարգարիտա Մնացականյան (54 տարեկան,տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Միաժամանակ հայտնում ենք, որ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն՝ շաբաթական 36 ժամից ոչ ավելի:

Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պետությունն ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց։ Ավելացնենք, որ բուհերում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ի դեպ, նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել։




Լրահոս