35-ամյա կնոջը դանակի 21 հարվածով սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է ազատազրկման 3,5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականին իր բնակարանում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դիաննա Նահապետյանի հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դ. Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել: Արդյունքում՝ տեղում սպանել է կնոջը:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության ընթացքին հետևելով` արձանագրել է, որ դատավարության ողջ ընթացքում փորձ էր կատարվում մեղմել ոճրագործությունը, որի արդյունքում նախապես «առանձին դաժանությամբ սպանություն» որակված և 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածը դատախազի կողմից փոխարինվեց ընդամենը 3 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտող մեղադրանքով:
Դատավորի կողմից նշված սպանության համար նվազագույն պատիժ սահմանելու հիմքում ընկած էր դեպքից երեք տարի անց Էլդա Գրինի կողմից իրականացված երրորդ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը՝ հիմնված միայն դատապարտյալի ցուցմունքների և գործի հանգամանքների վրա, որոնք ևս հիմնավորվել են միայն Մուրադյանի ցուցմունքներով: Հատկանշական է, որ դատավարության սկզբում իրականացված առաջին փորձաքննության արդյունքում ամբաստանյալի վարքը չի բնութագրվել որպես աֆեկտիվ: Եվ միայն ըստ երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքների՝ Վ. Մուրադյանը սպանության պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ կումուլյատիվ աֆեկտ:
Ակնհայտորեն, վերջին դատահոգեբանական փորձաքննությունը արմատապես ազդել է մեղադրյալի դատավճռի վրա, փոխվել է հոդվածը: Միևնույն ժամանակ միմյանց հակասող փորձաքննության արդյունքները կասկածի տակ են դնում Էլդա Գրինի մենաշնորհային կարգավիճակ ունեցող փորձագիտական կառույցի անաչառությունը և անկախությունը: Ըստ այդմ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում տվյալ կառույցի արդար և անկողմնակալ աշխատանքի վերաբերյալ և պահանջում համապատասխան մարմիններին պարզաբանել. – ինչո՞ւ է տվյալ կառույցը գործում մենաշնորհային հիմունքներով, -ինչո՞ւ վերոնշյալ գործի շրջանակներում անցկացված դատահոգեբանական փորձաքննությունները էապես տարբերվում են միմյանցից՝ ուղղակիորեն ազդելով և դառնալով վճռորոշ դատավճիռ կայացնելիս:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հետամուտ է լինելու տվյալ կառույցի աշխատանքին և հնարավորինս հանրայնացնելու է բացահայտումները, քանի որ ընտանեկան բռնության սույն գործի և զինվորական այլ գործերի դատավարությունների մոնիտորինգը ցայտուն կերպով ապացուցում է կառույցի կողմնակալ, միանձնյա և անբեկանելի աշխատելաոճը՝ անմիջականորեն ազդելով ՀՀ արդարադատության համակարգի վրա: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում ՀՀ արդարադատության և դատական համակարգին՝ · Ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել ընտանեկան բռնության դեպքերով` բացառելով քննություն իրականացնող մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական, կանխակալ վերաբերմունքը և դադարեցնելով ընտանեկան բռնության ենթարկված անձանց դիմումների դեպքում գործը ի վնաս տուժողի լուծելու արատավոր պրակտիկան:
· Ձեռնարկել համապատասխան միջոցներ պետական մարմիններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց և/կամ նրանց հարազատների նկատմամբ խտրական վերաբերմունքը կանխելու համար, այդ թվում` ոստիկանության և դատախազության մարմիններում ծառայողների, դատավորների վերապատրաստումների, իրազեկումների և այլ միջոցներով:
· Ընտանեկան բռնության դեպքերի քննության ընթացքում իրականացնել համակողմանի ուսումնասիրություն, իսկ կայացված որոշումներում կարևորել նաև նմանօրինակ դեպքերի կանխարգելումը: ՀՀ Ազգային ժողովին՝
· Ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող համապարփակ օրենսդրություն:
Փորձենք հասկանալ՝ ինչ հայտնի դարձավ դատաքննության ընթացքում, և ինչպես է ներկայացրել կատարվածը մեղադրյալը:
Նախկինում մեկ անգամ ամուսնացած, ապա ամուսնալուծված Վոլոդյա Մուրադյանը պատմել է, որ նախքան Դիանա Նահապետյանի հետ համատեղ ապրելը, նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: ԱՄՆ, որտեղ բնակվում են նրա առաջին կինն ու երեխաները, մեկնելուց, ապա վերադառնալուց հետո միշտ պահպանել է Դիանայի հետ հարաբերությունները: Հետագայում նրա համար բնակարան և ավտոմեքենա է գնել: Իսկ երբ սկսել են համատեղ ապրել, նրանց հետ բնակվել են նաև Դիանայի երկու դուստրերը: Վերջիններս, ի դեպ, ըստ տուժողի հարազատների, դեպքին ականատես են եղել, ինչը, սակայն, Վոլոդյա Մուրադյանը հերքել է՝ նշելով, որ խոհանոց տարվելու ընթացքում Դիանան երեխաներին ասել է՝ ոստիկանություն դիմեն: Ու հենց այդ ժամանակ էլ աղջիկները տնից դուրս են եկել, դանակահարությանն ականատես չեն եղել:
Վոլոդյա Մուրադյանը որպես իր արարքի պատճառ՝ դավաճանությունն է ներկայացրել: Նրա խոսքով՝ կինն ատամնաբույժի հետ էր իրեն դավաճանում, ինչը վերջին շրջանում չէր էլ թաքցնում: Սիրեկանների հետ հեռախոսազրույցներ էր ունենում իր ներկայությամբ: Ատամնաբույժին ևս իր ներկայությամբ սիրո խոստովանություն է արել և համբուրել: Վոլոդյա Մուրադյանը հայտարարել է, թե Դիանային միայն իր փողերն են պետք եղել: Սակայն ինքը դա ուշ է հասկացել և մշտապես փորձել է կնոջ հետ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ շատ է սիրել:
Դիանայի դուստրերից Անահիտն էլ դատարանին պատմել է, որ տեսնելով մորը դանակի հարվածներ հասցնող Վոլոդյային՝ փորձել է պաշտպանել նրան իր մարմնով, սակայն Վոլոդյան շարունակել է հարվածները՝ ասելով «սատկիր անասուն»: Ավելին, ըստ վկայի, Վոլոդյան դանակն ընթացքում փոխել և ավելի մեծն է վերցրել:
Մյուս աղջիկը՝ Արփինեն, պատմել է, թե ինչպես է տեսել Վոլոդյային մոր հեռախոսազանգերը ստուգելիս, հաճախ վիճել է մոր հետ, միտումնավոր վեճեր հրահրել: