Խորհրդակցություն` ՏԿԱԻՆ-ում. 1 ամսվա ընթացքում 911-ն արձագանքել է ավելի քան 1600 դեպքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ Բաղդադում մեկնարկած հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: Ա. Երիցյանը նշեց, որ արդյունավետ աշխատանք է ստացվել, քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա հարցերն ու անելիքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունը ստացել է 384 ահազանգ: ՓԾ տնօրենը հայտնեց, որ հունվար ամսվա ընթացքում ծառայությունն արձագանքել է ավելի քան 1600 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը` նշելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Կ. Իսախանյանը զեկուցեց, որ փետրվարի 1-ից մարզպետարանների ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցները և մանկապարտեզները վերսկսել են աշխատանքները:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին:

Ներկայումս ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով վրանային հենակետեր են ծավալված ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում և Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում:

Նախարար Ա. Երիցյանը Մարզային փրկարար վարչությունների պետերին հանձնարարեց խրախուսման ներկայացնել այն փրկարարներին, ովքեր արժանի ծառայություն են իրականացրել՝ ձնաբքի մեջ արգելափակված մարդկանց արագ օգնության հասնելով:




Լրահոս