Շատ հուզիչ մի դրամա, որը ծավալվում է մեր աչքերի առջև: Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի գործընթացին` այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ճիշտն ասած, ինձ զարմացրեց, թե ինչու են կոալիցիայի մասին հայտնում, նոր` սկսում բանակցել պորտֆելների շուրջ: Լուրջ կլիներ, որ գային համաձայնության, նոր խոսեին պորտֆելների մասին: Նրանք ամեն օր կա՛մ ամուսնանում են, կա՛մ բաժանվում են, կա՛մ փոխադարձ մեղադրանքներ են ասում, կա՛մ ներում են, կա՛մ նեղանում են», – ընդգծեց Զուրաբյանը:
Նրա խոսքով` վատ չեն մտածել, եթե որոշել են մի քիչ զվարճացնել մեր ժողովրդին:
«Որևէ դեմոկրատական երկրում կոալիցիա չի կազմվում ընտրություններից առաջ, այլ կազմվում է հետո, երբ առաջին տեղերը զբաղեցրած կուսակցությունները չունեն մանդատ` կառավարություն ձևավորելու», – հավելեց նա: