ՀՀԿ-ն արդեն ունի օմբուդսմենի իր թեկնածուն՝ ի դեմս ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Ա. Թաթոյանը հանդիսանում է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորյալը:
Օմբուդսմենի թեկնածուներից հայտնի է նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի անունը, ում, ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, ամենայն հավանականության, կսատարի ՀԱԿ-ը:
Զ. Փոստանջյանի կուսակից Թևան Պողոսյանը, օրինակ, դեռևս իր թեկնածուին չի ընտրել. «Ընդհանրապես, պետք է նայենք՝ ինչ է ներկայացնում իրենից ՄԻՊ-ը: Պետք է հասկանանք՝ ինչ են պատրաստվում անել, ինչը փոխել, ինչի վրա ուշադրություն դարձնել: Ես քվեարկելու իրավունք չունեմ, իսկ դիրքորոշումս կհայտնեմ նրանից կախված, թե ով ինչ է ներկայացնելու, ինչպես է պատկերացնելու իր տեսլականը: Բոլոր թեկնածուների ներկայացման ժամկետը չի ավարտվել, դրա համար չեմ փորձում հիմա մտահոգվել այն հարցով, թե ով կլինի: Կարևորը նրանց ներկայացրած տեսլականներն են»,- ասաց մեր զրուցակիցը: Այս պահին Թևան Պողոսյանը հստակ բան ասել չի կարող, քանի դեռ չգիտի՝ ով ինչ է անելու:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Թևան Պողոսյանը, ըստ երևույթին, չի սատարի իր կուսակցին, քանի որ կողմնորոշվելու խնդիր ունի:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն ևս ՄԻՊ-ի իր թեկնածուն ունի: Խմբակցությունն առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: ԲՀԿ-ն, այսպիսով, չի սատարի ո՛չ ՀՀԿ թեկնածուին, ո՛չ Զարուհի Փոստանջյանին: