ՎԵՃ, ՀԱՅՀՈՅԱՆՔ, ԿՐԱԿՈՑ, ՄԱՀ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դեպքին  հաջորդած իրադարձություններից անցել է ընդամենը 15 օր եւ ահա հերթական դեպքը: Այս անգամ վիճաբանել են ՀՀ պաշտպանության նախարարության  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, հնչել են միմյանց հասցեին ուղղված հայհոյանքներ, ապա կրակոց` մահվան ելքով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ

Հունիսի 1-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:05-ի սահմաններում՝ պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս. Մովսիսյանը մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվ. 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Ս. Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրգործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա. Մելքումյանի եւ Ս. Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս. Մովսիսյանի կողմից «չկրակողի» հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո Ա. Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրգործի նախաքննությունը շարունակվում է:

ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես  ամեն անգամ, այս դեպքում էլ ՊՆ-ում խորհրդակցությունը «սպասեցնել չտվեց»: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են ԳՇ պետը, ՊՆ փոխնախարարներ, ՀՀ ՊՆ եւ ԳՇ վարչությունների պետեր: Անդրադառնալով միջադեպին` Ս. Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նա հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին: Մինչ ՊՆ-ն հնարավոր մեղավորներին է փնտրում, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը կքննարկվի ծառայողական քննության անցկացումից հետո:

ԽՆԴՐԵԼ Է ՓՐԿԵԼ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները երեկ եղել են հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած, Վանաձորի բնակիչ կուրսանտի տանը: Հարազատները գրասենյակի աշխատակիցներին պատմել են, որ միջադեպի մասին իրենք տեղեկացել են հեռախոսազանգի միջոցով եւ պատճառների վերաբերյալ ոչինչ չգիտեն: Մայրը ողբալով պատմել է, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման եւ արյան կորստի հետեւանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը: Նա ապրում էր տնակում մոր, տատիկի եւ երկու եղբայրների հետ ծանր սոցիալական պայմաններում: Իսկ եղբայրներից մեկը ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչն է եղել պատճառը, ինչո՞ւ են զինվորների հարազատները խուսափում խոսել սպանության պատճառների մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ երբ իր աշխատակիցներն այցելել են սպանված զինվորի տուն, նկատել են, որ հարազատների ամեն քայլը հսկում են զինվորական համազգեստով եւ քաղաքացիական հագուստով անձինք. «Նրանք հսկել են նաեւ իմ աշխատակիցների քայլերը եւ նկարահանել:  Ընդհուպ միչեւ հարեւաններին են վերահսկել, որ չշփվեն եւ չխոսեն: Այս գաղտնապահությունն ավելի շատ կասկածներ է հարուցում, քան փարատում: Իրավիճակը ես համարում եմ ուժի գործադրում: Մարդիկ այս պահին միգուցե տեղեկություն չունեն պատճառների հետ կապված, բայց զինվորին  նկարագրելու հարցում կարող էին, չէ՞, խոսել: Անգամ դա չեն ասել»:

ՄԱՅՐԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Փորձեցինք կատարվածի մանրամասները պարզել մյուս կողմի հարազատներից: Արմեն Մելքումյանը, որը կրակել է Սիփան Մովսիսյանին, ապրում է Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փոքր Վեդու ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը նշեց, թե անձամբ ճանաչում է տղայի ընտանիքին. «Շատ համեստ, խեղճ ապրող ընտանիք են, եթե տան պայմանները տեսնեք, դուք ինքներդ պատկերացում կկազմեք: Դա պատահականություն է եղել: Այնքան համեստ, խելոք երեխա է, որ մատդ դնես բերանը, չի կծի, չեք պատկերացնում»:
Զրուցեցինք նաեւ Արմենի մոր՝ տիկին Ալվարդի հետ, որն ասաց, թե չգիտի՝ ինչն է եղել պատճառը, բայց չի հավատում, որ իր տղան կարող է մարդ սպանել. «Տարբեր կարծիքներ են ասում, բայց ոչ մեկ չի համընկնում իրականությանը: Արմենին մայիսի 27-ին եւ 28-ին կարճաժամկետ արձակուրդ էին տվել, եկել էր տուն: Ոչ մի պրոբլեմ ոչ մեկի հետ չի ունեցել, իմ երեխան շատ խելոք երեխա է: Այս դեպքից հետո ես տղայիս չեմ տեսել, ու ոչ մի բան չգիտենք: Մեզ հաղորդել են, որ շոր տանենք տղայիս, մենք էլ շորերը տարել տվել ենք, ու հանրային պաշտպանն է քննել նրան, այդքան բան կարող եմ ձեզ ասել: Կարող եք գնալ իր զորամաս, մեր գյուղ էլ գալ եւ իմանալ, թե ինչ օրինակելի երեխա ունեմ: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել: Մենակ երբ խոսեցինք, Արմենն ընդամենը մի բան ասաց՝ «կատակ անելով իջնում էինք»»: Արմենը ունի եւս մեկ եղբայր՝ Հարութը, որը ծառայել է Լեռնային Ղարաբաղում եւ, ըստ մոր, պատվոգրով վերադարձել ծառայությունից:  
Հուսանք՝ գոնե այս դեպքը բազմակողմանի ուսումնասիրվելուց հետո իրավաբանորեն օբյեկտիվ գնահատականի կարժանանա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս