ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Նանսենի փողոցից և Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի ծառայողներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել:
Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները և արձանագրվել, որ դրանք իրենց են պատկանում:
Արմեն Կ.-ի և Կարեն Օ.-ի հաղորդումների հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: