Կարեն Դուրգարյանն աղմկահարույց հայտարարություններ կանի. Օպերայի թատրոնի տնօրենն ինչ-որ բա՞ն է թաքցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի եվ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ու նվագախմբի երաժիշտներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս, սակայն թատրոնի ղեկավարությունը չի թույլատրել լրագրողներին ներս մտնել: Մի քանի երաժիշտներ դուրս են եկել շենքից և հայտարարել, որ իրենց գործընկերներին արգելում են դուրս գալ շենքից:

Երաժիշտ Շմավոն Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Երեկ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հայտարարել է, թե օրկեստրից երկրի նախագահին ուղղված բաց նամակ չի եղել, և ոչ մեկ դրա տակ չի ստորագրել: Պարոն Արզումանյանի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում: Մենք ուզում էինք, որ լրագրողները գային ու տեսնեին այն 130 հոգուն, ովքեր ստորագրել էին այդ նամակի տակ, և պատասխանեինք լրագրողներին հուզող բոլոր հարցերին, բայց ի՞նչ իմանայինք, որ Օպերայի թատրոնում մեր խոսքի ազատությունը ոտնահարված է: Երաժիշտները ներսում սպասում էին լրագրողներին»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանն էլ հայտարարեց, թե իրենք տեղյակ չեն եղել երաժիշտների ասուլիս հրավիրելու մտադրության մասին, այդ պատճառով էլ արգելել են լրագրողների մուտքը թատրոն:

Իսկ այն տեղեկությանը, որ թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն արդեն երկրում չէ, Շահինյանն ասաց. «Մեր երկրից վռնդեցին մեծն Գերգիևին, մի՞գուցե Կարեն Դուրգարյանի և մեր համար էլ լավ է, որ նրան աշխարհում ճանաչեն, լավ երաժիշտ է»: Շահինյանը հավելեց, որ Կարեն Դուրգարյանը չի հեռացվել. «Գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնել չի նշանակում Կարեն Դուրգարյանի փայտիկը ձեռքից վերցնել: Իրեն առաջարկվել է մանել և աշխատել, ի վերջո, դու դիրիժոր ես, ոչ թե գլխավոր դիրիժոր»:

Ի դեպ, երաժիշտները հայտարարել են, որ Դուրգարյանն առաջիկայում կլինի Երևանում և աղմկահարույց հայտարարություններ կանի:

Դատելով թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ նա կա՛մ ինչ-որ բան է թաքցնում, կա՛մ խուսափում է լրագրողների հետ հանդիպելուց: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է արգելել ԶԼՄ ներկայացուցիչներին ներկա գտնվել հանդիպում-քննարկման:




Լրահոս