ՀՀԿ-ի ներսում պաշտոնների բաշխման հարցում որոշ հստակեցում կա. ովքեր հրաժեշտ կտան պաշտոններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած սպասումներին, ՀՀԿ ԳՄ երեկվա նիստն էլ որեւէ հստակեցում չմտցրեց արդեն տեւական ժամանակ քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը դարձած ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն համաձայնագրի հարցում:

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց.« Պետք է ձեզ մի քիչ հիասթափեցնեմ, որովհետեւ կոալիցիայի հետ կապված, համագործակցության հետ կապված վերջնական որեւէ հարց չենք քննարկել: Մինչեւ մեկ շաբաթվա ընթացքում, մինչեւ մյուս շաբաթ մենք կունենանք հստակություն: Այս պահին քննարկումները շարունակվում են, իսկ ԳՄ նիստի հիմնական քննարկումները ծավալվել են ընտրական օրենսգրքի շուրջ»:

Դիտարկմանը, թե Շարմազանովը բառացիորեն նույն բանն ասաց ուղիղ մեկ շաբաթ առաջ ` ՀՀԿ մամլո խոսնակը արձագանքեց.. «Քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ հստակեցված չէ ոչինչ: Համագործակցության հիմքը ոչ թե պաշտոնների բաժանումն է. այլ ամենից առաջ գաղափարախոսությունն է, ծրագրային դրույթներն են»: Անդրադառնալով բանակցությունների երկարաձգմանը` ՀՀԿ մամլո խոսնակը պարզաբանեց. «Իսկ ով է ասել, որ բանակցությունները երկարաձգվում են, Դուք եք ժամկետը սահմանել: Դուք գրում եք, Դուք հերքում եք, հետո մեզ եք մեղադրում, որ բանակցությունները երկարացվել են: Որեւէ մեկը մեր կամ դաշնակցության կողմից օր, ժամ պատարագ նշել է, թե երբ է լինելու»: Մինչդեռ նկատենք, որ հենց ինքը` Շարմազանովն էր ուղիղ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ ԳՄ նախորդ նիստից հետո հայտարարել, թե հաջորդ շաբաթ` այսինքն երեկ, հստակեցում կլինի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նույնպես նշեցին, որ դեռեւս քննարկումները շարունակվում են, եւ նիստի ընթացքում կոալիցիայի հարցով հստակ որոշում չի կայացվել: Թե ինչն է պատճառը, որ ՀՀԿ-ականները ձգձգում են որոշման կայացումը` թերեւս դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ նրանք դեռ չեն կողնմորոշվում թե ում պաշտոնից ազատեն, ում` ոչ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ի ներսում պաշտոնների բաշխման հարցում որոշ հստակեցում կա: Մասնավորապես Արագածոտնի մարզպետի պաշտոնում հնարավոր է նշանակվի Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, իսկ ՀՅԴ-ին բաժին հասնելիք մյուս մարզը կարող է լինել Շիրակը կամ Սյունիքը: Նախարարներից, ըստ ամենայնի, իրենց պաշտոնին հրաժեշտ կտան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը`տեղը զիջելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին եւ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ում կփոխարինի նախկին գյուղնախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս