Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործով այսօրվա դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Այսօրվա համար դատակոչված վկաների թիվը 16-ն է:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ տուժողների իրավահաջորդների հարցաքննության փուլն ավարտվել է. հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները, քանի որ ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու:
Դատակոչված վկաներից սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը պատմեց, որ ինքը մասնակցել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալելու ընթացքին: Մ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ շների ուղեկցությամբ Պերմյակովին փնտրելու ընթացքում մի մարդու են նկատել, ում հրամայել են կանգնել: Սակայն նշված մարդը, սահմանապահի փոխանցմամբ, ասել է՝ թե. «Ձերոնցից եմ, ձեզ մոտ եմ գալիս». «Երբ հրամայեցի կանգնել, այդ մարդը շարունակեց շարժվել, ես նախազգուշական կրակոց արձակեցի, դրանից հետո նա կանգնեց, ու ես հրամայեցի պառկել գետնին: Նրա մոտ գումար և երեք հեռախոս գտա»:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ վկան հայկական կողմի հարցաքննության ժամանակ չի տվել նույն ցուցմունքը, ինչ տվել է ռուսական կողմի հարցաքննության ժամանակ: Նա հարցրեց Միխայիլ Խաչատրյանին՝ ինչու հայկական կողմին չի ասել, որ շներով են գնացել Պերմյակովին փնտրելու, ինչին վկան պատասխանեց, որ նման հարց իրեն ուղղված չի եղել:
Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել: