Այս պահի դրությամբ հայտնի է Մարդու իրավունքների պաշտպանի չորս թեկնածու: ՀՀԿ-ն առաջարկել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, Տիգրան Ուրիխանյանը` Նարեկ Ալոյանի, իսկ ԲՀԿ-ն էլ առաջարկել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերի առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 9-ի 18.00-ն է, իսկ փետրվարի 12-ի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում այս չորս թեկնածուներից կընտրվի մեկը, ով էլ փետրվարի 22-ի քառօրյա նիստում քվեարկությամբ կընտրվի Մարդու իրավունքների պաշտպան:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտնեցին, թե այսօրվա դրությամբ ով ում օգտին է քվեարկելու: Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ի թեկնածուն Արման Թաթոյանն է, ԲՀԿ-ն կպաշտպանի Մակար Եղիազարյանի թեկածությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ իրենք դեևս վերջնական որոշում չունեն, սակայն ի վերջո կամ կարող են չմասնակցել քվեարկության, կամ էլ պաշտպանել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: ՕԵԿ խմբակցության պատգամավորները միաձայն կպաշտպանեն Զարուհի Փոստանջյանին: ՀՅԴ-ն նույնպես դեռ վերջնական որոշում չունի, սակայն պատգամավոր Աղվան Վարդանյանը Փոստանջյանին խոսք է տվել պաշտպանել հենց նրա թեկնածությունը:
Նաիրա Հովհաննիսյան