«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մինչ երեկ հանրապետականներն անտեղյակ էին ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստի մասին, սակայն կառավարությունից վստահեցնում էին, որ եկող շաբաթվա մեջ արտահերթ են հրավիրելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար, մասնավորապես, ՏԿԱԻՆ-ը դարձյալ տրոհելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների, որպեսզի վերջինը հանձնվի ՀՅԴ-ին (Դավիթ Լոքյանին)՝ առաջիկայում ձեւավորվելիք կոալիցիայի շրջանակներում: Մեր տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն Գործադիր մարմնի, այլ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի կոալիցիայի մասին:
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու շուրջ տարվող բանակցությունները նաեւ վերաբերում են Շիրակի մարզպետի պաշտոնին: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում ներկայացրել է Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը, որը ծնունդով Արթիկ քաղաքից է, կարճ ժամանակ՝ 2002թ. հունիսի 2-ից մինչեւ 2003թ. մայիսի 25-ը, եղել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ, 2003թ. ՀՅԴ քվոտայով նշանակվել է բնապահպանության փոխնախարար, իսկ 2009թ., երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, Մաթիլյանը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին։ Անցյալ տարի Հակոբ Մաթիլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ, որտեղ եւ աշխատում է մինչ օրս»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: