Հայաստանը չափազանց մեծ գին վճարեց ԱՄՆ-ի պատճառով, երբ գործում էին Իրանի դեմ պատժամիջոցները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրներին, այդ թվում եւ Իրանի հետ էներգետիկ ծրագրերի իրականացմանը. «Հայաստանն իր ցանկացած թվով երկրների հետ ամուր եւ փոխշահավետ հարաբերություններ կերտելու ինքնիշխան իրավունք ունի:

Իրանի հարցում ԱՄՆ կառավարությունը երախտագիտությամբ է ընդունում այն դերակատարումը, որ… ունեցավ Հայաստանը՝ տարիների ընթացքում լիարժեքորեն հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, նույնիսկ այն դեպքերում, երբ դա Հայաստանի ու նրա տնտեսության համար գին ուներ: Իսկ հունվարի 16-ին ազդարարվեց պատժամիջոցների չեղարկման մասին, եւ բնական է, որ Հայաստանը սկսի մտածել, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ Իրանի հետ իր քաղաքական ու տնտեսական կապերի վրա»:

Իհարկե, լավ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը երախտապարտ է Հայաստանին, եւ նաեւ լավ է, որ ԱՄՆ դեսպանի մակարդակով արձանագրվում է, որ Իրանի հետ մեր էներգետիկ համագործակցությունը չզարգացնելը Հայաստանի տնտեսության համար գին ուներ: Բայց այս հաճոյախոսություններից անդին` ինչ է այս տարիներին արել ԱՄՆ-ն, որպեսզի Հայաստանը, որը Միացյալ Նահանգների ճնշման տակ վճարում էր այդ չափազանց մեծ գինը` վերջնականապես եւ հարյուր տոկոսով չընկներ Ռուսաստանից կախվածության մեջ: Մեծ հաշվով` ոչինչ:

Մեզանում ընդունված է կարծել, որ Իրան-Հայաստան գազատարի թողունակության փոքրացումը Ռոբերտ Քոչարյանի ապիկար գործունեության եւ Մոսկվայի ճնշումներին տեղի տալու արդյունքում եղավ, մինչդեռ քչերն են բարձրաձայնում, որ դա իրականում արվեց հենց Միացյալ Նահանգների անհաղթահարելի ճնշումների արդյունքում: Եվ ստացվում է այն, որ այսօր Հայաստանը գտնվում է Ռուսաստանի էներգետիկ մահակի լիակատար ազդեցության ներքո` մեծապես նաեւ Միացյալ Նահանգների շնորհիվ է:

Եվ առնվազն տարակուսելի է, որ արձագանքելով հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարի շուրջ ԱՄՆ կառավարության դիրքորոշման մասին հարցին` դեսպան Միլսն ասում է.«Մենք վաղուց ի վեր քաջալերում ենք Հայաստանին հետամուտ լինել էներգակիրների դիվերսիֆիկացմանը, մասնավորապես՝ դիտարկել … տարածաշրջանային ավելի լայն ինտեգրումից բխող հնարավորությունները, որոնք թույլ կտան մեծացնել էներգետիկ անվտանգությունն ու խուսափել որեւէ մեկ կողմից գերկախվածությունից»:

Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում Հայաստանն այսօր հնարավորություն ունի էներգետիկ անվտանգության եւ դիվերսիֆիկացման հարցում համագործակցել բացառապես եւ միայն Իրանի հետ, իսկ վերջինիս հետ համագործակցությունն էլ, ինչպես դեսպանն ինքն է նշում՝ հնարավոր դարձավ բացառապես հունվարի 16-ից հետո: Այնպես որ, անհասկանալի է, թե վաղուց ի վեր արված ինչ քաջալերանքների մասին է խոսում ԱՄՆ դեսպանը:




Լրահոս