«Չի լինելու այդպիսի բան». Դավիթ Բաբայանը հարկ է համարում թարմացնել իրականությունը մոռացածների հիշողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չունենք գրավյալ տարածքներ: Անդրադառնալով Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը` Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հարկ համարեց հիշեցնել իրականությունը:

Նախ հիշեցնենք` EVN Report-ին տված հարցազրույցում Միլսն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Այն, ինչ լսել եմ, փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- մասնավորապես ասել է Ռիչարդ Միլսը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է` կարևոր է` բոլորն էլ ևս մեկ անգամ իմանան` ինչ է նշանակում օկուպացիա և գրավում. «Դա նշանակում է` պլանավորված  մի գործընթաց` ուրիշի տարածքին տիրանալու, սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով: Աշխարհի պատմության մեջ շատ են եղել այդպիսի նախադեպեր: Մենք այդպիսի նպատակ չենք դրել. ի սկզբանե արցախյան ազգային ազատագրական շարժումը որևէ սահմանների փոփոխություն չի ենթադրել: Այսինքն` ուժի մոտ փորձել է ինքնորոշվել և փոխել իր կարգավիճակը և վերամիավորվել  Հայաստանի հետ»:

Դավիթ Բաբայանը հիշեցնում է` Ադրբեջանի պատասխանը տեսան բոլորը` ցեղասպանություն, ոչնչացում, պատերազմ, այն էլ երկու անգամ` ապրիլյան պատերազմն այդ թվում:

«Ի՞նչ է նշանակում «գրավյալ տարածքներ»: Ադրբեջանն էլ միշտ ասում է` վերադարձ պիտի լինի 88 թվականին: Ի՞նչ վերադարձ 88 թվականին, արդյոք կարելի՞ է իրավիճակը վերադարձնել: Այժմ միանգամայն այլ իրավիճակ է` նոր պետություն, նոր աշխարհաքաղաքական իրողություն, նոր պետություն. (Ադրբեջանում հայատյաց քաղաքականություն է): Ինչպե՞ս էին Հունգարիային կաշառել, Սաֆարովին գնել, ազատել. սա հարված էր ժողովրդավարությանը, կոռուպցիայի ցայտուն դրսևորում էր»:

ArmLur.am-ի զրուցակիցը նկատում է, որ Ադրբեջանի նման գործողությունները տեսնողները մշտապես լռում են: Այդ դեպքում հարց է առաջանում` իսկ մե′նք ինչո՞ւ պետք է վերադառնանք 88 թվականին կամ մինչ այդ, այդ թվում` սահմանների առումով:

«Սահմանները մեզ համար գերնպատակ չեն: Կրկնում եմ` մենք օկուպացիա չենք արել որևէ մեկի տարածքները: Մենք ստիպված ազատագրել և չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի նկատմամբ: Բա ի՞նչ անեինք, չանեի՞նք: Եվ հիմա վեդարաձն անցյալին պարզապես անիրատեսական է, դա նոր ցեղասպանություն է Արցախի նկատմամբ: Ես չեմ կարծում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների գրեթե նախկին դեսպանն ուզում է, որպեսզի ցեղասպանություն լինի հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ եթե չի ուզում որպեսզի լինի ցեղասպանություն, այդ դեպքում նախ և առաջ պետք է համապարփակ կարգավորման հարց ներկայացվի: Հայկական կողմը զիջումներ, այն էլ` միակողմանի, չի կարող անել: Ո՞ւմ զիջում անի` ագրեսորին և ֆաշիստի՞ն, ահաբեկչի՞ն»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

Վերջինս հերթական անգամ հիշեցրեց` իրենք պատրաստ են քննարկել տարբեր հարցեր, իսկ դրա համար նախ և առաջ պետք է վերականգնվի բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը: Արցախը, ինչպես հայտնի է, մասնակից չէ:

Դավիթ Բաբայանի առաջ քաշած հաջորդը նախապայմանն այն է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի հայատյաց գաղափարախոսությունից:

«Նույն միջազգային հանրությունը պետք է քայլեր գործադրի, որպեսզի Ադրբեջանում ժողովրդավարական համակարգ լինի, այդ երկիրը ֆաշիզմից և տոտալիտարիզմից հրաժարվի: Այս ամենը փոխկապակցված են մեկը մյուսի հետ: Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, «Ազատության» կայանի փակումն ուղիղ կապ ունեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ, իսկ ժողովրդավարական պետությունը չի կարող ֆաշիստական և ահաբերկչական երկրի հետ խնդրանքով խոսի կամ նրա քմահաճույքին թողնի իր բախտը:

Չի′ կարող նման բան լինել: Հետևաբար մենք պատրաստ ենք քննարկել տարբեր հարցեր»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Վերջինիս խոսքով` տարածքների հարց Արցախի համար գոյություն չունի, կա սահմանների խնդիր:

«Դե պարզ է` Ադրբեջանն էլ պահանջում է. մենք էլ ունենք սահմանների հետ խնդիրներ. բա Գետաշե՞նը, Մարտունաշենն ո՞ւմն են, բա Չարդախլո՞ւն, որ կենացներ էին ասում մարշալների մասին: Դա Հյուսիսային Արցախ չէ՞: Արցախյան ազատագրական շարժման հետևանքո՞վ չեն նրանք դարձել փախստական: Վերջապես կա Նախիջևանի հարցը, որը ևս բարձրացնելն Արցախն իրավասու է: Երբ Ջուղայում խաչքարներ էին ոչնչացնում, ինչո՞ւ  էր միջազգային հանրությունը պապանձված. ոչ ոք չխոսեց: Այդ ամենն իրար հետ կապված են: Մենք հարգում ենք բոլորի կարծիքը, ընդունում ենք, որ ամեն մարդ ունի իրավունք կարծիք հայտնելու: Սա էլ մեր կարծիքն է` մենք ասում ենք`  ֆաշիստական երկրի հետ չենք կարող կամովի դառնալ համակենտրոնացված ճամբարի անդամներ: Չի լինելու այդպիսի բան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս