Նախորդ տարվա հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտված մեկ այլ գործով օրերս կայացած առաջին դատական նիստին նույն զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի կուրսանտ, շարքային Կարեն Բաղրամյանը միջնորդել է արագացված դատական քննություն կիրառել:
Հիշեցնենք, որ Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանաի համար, որ նա հունվարի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում, ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ: Վիճաբանության ընթացքում բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, Կարեն Բաղրամյանը նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, կրկին բռնություն է գործադրել Հայկազ Բարսեղյանի նկատմամբ և կրկին հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Կարեն Բաղրամյանը գործով նախաքննության փուլ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա է:
Նշենք, որ մինչև միջնորդության քննարկումը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկաններին տեղեկացրել է, որ գործով որևէ անձ տուժող կամ տուժողի իրավահաջորդ ճանաչված չէ:
Դատարանը կողմերին տեղեկացրել է նաև, որ իր վարույթում քննվում է մեկ այլ քրեական գործ՝ մասնավորապես Հայկազ Բարսեղյանի սպանության գործը, որով Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, ներգրավել է որպես տուժողի իրավահաջորդ, ուստիև դատարանը գտալ է, որ անհրաժեշտ է Արկադի Բարսեղյանին ծանուցել դատական նիստի մասին՝ նրա ներկայությամբ Հայկազ Բարսեղյանի մերձավոր ազգականներից մեկին իրավահաջորդ ճանաչելու հարցը քննարկելու համար:
ArmLur.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը հայտնեց, որ ինքը կներկայանա սույն գործով որպես տուժողի իրավահաջորդ: Սպանված կուրսանտի հոր փոխանցմամբ՝ Կարեն Բաղրամյանը որևէ կապ չունի սպանության հետ, թեև իր համար անհասկանալի պատճառներով մյուս գործով անցնող մեղադրյալների պաշտպաններն ամեն կերպ փորձում են գործերը միացնել և Կարենին ներգրավվել այդ գործին. «Ես չեմ հասկանում՝ ինչ նպատակ ունի Կարեն Բաղրամյանին այդ գործի մեջ քաշելը: Երևի՝ պաշտպաններն իրենց համար պաշտպանելուձև են ընտրել: Նախ ինձ հայտնի է դարձել, որ Կարենը բավականին հանգիստ, ինչ-որ տեղ նաև՝ վախի զգացումով երիտասարդ է, և երկրորդ՝ նա սպանության հետ որևէ կապ չունի: Ուղղակի մի անգամ թեթև քաշքշուկի է եղել նրա և Հայկազի մեջ, իրար հարվածել են ու վերջ: Երբ գործի նյութերին ծանոթացա, տեսա, որ վկաներից մեկը պատմել է այդ միջադեպի մասին: Կրկնում եմ՝ նրանք թեթև քաշքշուկ են ունեցել, հետո տղաները փորձել են նրանց բաժանել: Այդքանը…»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Վերջինս, նկարագրելով Կարեն Բաղրամյանին, նշեց, որ կուրսանտը մտերիմ հարաբերություններ ուներ սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի հետ: Արկադի Բարսեղյանի դիտարկմամբ՝ Վաչեի հետ ընկերանալը պաշտպանվելու նպատակ է ունեցել. «Վաչեն Կարենին կարող էր պաշտպանել: Նա թույլ կամքով, ավելի ճիշտ՝ վախկոտ երիտասարդ է: Եթե մի մարդու ասեն՝ լվացվիր, քեզ հետևիր, ու նա հայտարարի, թե իրեն երրորդ հարկից կգցի, ի՞նչ մտածես էդ մարդու մասին: Ու էդ ժամանակ Հայկազն ասել է՝ քեզ հետ մի բան լինի, մեզ են մեղադրելու, չանե՛ս էդպիսի բան, ու Կարենն էլ ասել է, թե ես ինքնասպանությունից առաջ նամակ կգրեմ, որ ես իմ կամքով եմ արել, ոչ մեկ կապ չունի»:
Արկադի Բարսեղյանի համար անհասկանալի է նաև, թե ի՞նչ նկատի ուներ պաշտպան Արմեն Նադիրյանը՝ ասելով Գնել Թևոսյանը բազմաթիվ հարցեր է լուծել՝ լավ իմաստով. «Ես չեմ հասկանում՝ դա զո՞ն է, թե՞ ինստիտուտ: Հարց լուծող… չգիտեմ՝ ինչ… Երևի՝ պաշտպանը նկատի է ունեցել, որ Գնել Թևոսյանի ստեղծած կանոններով՝ նրա ասածով է ամեն ինչ եղել: Իսկ Հայկազը օրենքներին չի ենթարկվել…»,- շարունակեց Ա. Բարսեղյանը:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախորդ տարվա հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում դաժան դեպք տեղի ունեցավ: Սկզբում վարկած շրջանառվեց, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, ապա բացահայտվեց սարսափ առաջացնող դաժան իրականությունը. նրան, ըստ նախաքննական մարմնի, սպանել էին համածառայակիցները: Դեպքը ցնցել էր բոլորին: Ինչպես հայտնի է, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։
Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Փորձաքննություններից հայտնի է դարձել, որ որոշ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին:
Չբավարարվելով դաժան տեսարանից՝ զինվորները սեղմել են Հայկազի պարանոցը, ապա կոտրել ենթալեզվային ոսկորը։ Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները, տեղափոխել նրան զորամասի մարզահրապարակ և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն: