ԼԱՐՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՕՐԵՐՈՎ ՀԵՐԹ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հաճախ է քաղաքացիներից դժգոհություններ ստանում այն մասին, որ Վերին Լարսի անցակետում մշտապես խցանումներ են լինում, որոնց արդյունքում իրենք ստիպված են լինում ժամերով, նույնիսկ օրերով սպասել: Իսկ օրերս «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները պատմեցին, որ իրենք Վերին Լարսի անցակետում մոտ 5 օր հերթ են կանգնել: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը մշտապես բանակցում է ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Վրաստանի իր գործընկերների հետ, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, «Ժողովուրդ»-ը մշտապես դժգոհություններ է ստանում քաղաքացիներից այն մասին, որ իրենք օրերով հերթ են կանգնում Վերին Լարսի անցակետում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղյա՞կ է, թե որն է այդ խցանումների պատճառը, եւ ինչ քայլեր եք ձեռնարկում իրավիճակի շտկման ուղղությամբ:
-Նախարարությունը ահազանգեր ստանում է, բայց այս պահին դրանք բավականին քիչ են: Նայած թե որտեղ է կուտակում գոյացած լինում, եւ այն ինչ բնույթի է, ըստ այդմ էլ՝ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում:
-Այնուամենայնիվ, այս հարցում ո՞րն է տրանսպորտի եւ կապի նախարարության դերը:
-Նշեմ, որ դա երկու այլ երկրներ կապող ճանապարհահատված է, ՀՀ-ի համար համարվում է տարանցիկ ճանապարհ: Ավելին՝ ցամաքային միակ կենսական նշանակության ճանապարհն է, որը Հայաստանին կապում է ՌԴ-ի եւ դեպի Եվրոպա գնացող այլ պետությունների հետ: Պետք է ի սկզբանե ֆիքսել, որ այդ ճանապարհը երկու այլ պետությունների միացնող ճանապարհ է, սահմանային անցակետ: Մենք բավականին քայլեր ենք կատարել, միջոցառումներ, բանակցություններ են անցկացվել ինչպես Վրաստանի, այնպես էլ ՌԴ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս բացառենք հերթերը եւ այլ կուտակումները: Վերջին անգամ՝ հունվարի 14-ին, Վերին Լարս սահմանային անցակետում հանդիպում է եղել ՀՀ-ի պատվիրակության եւ ՌԴ-ի տրանսպորտի նախարարի տեղակալի հետ: Քննարկումներ եղան, թե ինչպես անել, որ անցակետը առավել արդյունավետ գործի, եւ ճանապարհահատվածում կուտակումները բացառվեն: Քննարկումների արդյունքում որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
-Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում, իսկ անցակետում կուտակումներն ու հերթերը անվերջ են:
-Մասնավորապես մենք խնդիր ենք բարձրացրել՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, որ ՀՀ-ն առավելություն ունենա սահմանային անցակետում անցնելուց եւ առանձին անցուղի ունենա: Այդ պրակտիկան ԵՏՄ անդամ պետություններում կա: Այդ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են, դրանք ավելի բարձր մակարդակներով են քննարկվում, որպեսզի սահմանային անցակետի աշխատանքային արդյունավետությունը բարձրացվի:
-Այսօր ի՞նչ իրավիճակ է՝ ճանապարհը կրկին փա՞կ է:
-Այնտեղ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ տեղանքը բավականին բարդ է, ձմռան ամիսների ընթացքում պարբերաբար հնարավոր է՝ այն փակվի: Հենց այսօր (երեկ-Ս.Հ.) ստացած տեղեկատվության համաձայն՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար ճանապարհը փակ է: Բաց է թեթեւ մարդատար մեքենաների համար, այն էլ համապատասխան անվադողեր ունեցող:
-Արդյո՞ք վրացական կողմը տեղյակ է խնդրին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու համար:
-Այո՛, երկու կողմի հետ էլ մենք բանակցում ենք՝ ե՛ւ Վրաստանի, ե՛ւ ՌԴ-ի հետ: Երկու կողմն էլ պատրաստ է մեզ աջակցել եւ անել հնարավորինս: Նորից եմ կրկնում՝ մենք առանձին անցուղի ենք փորձում ձեւավորել: Ավելին՝ նախատեսվում է էլեկտրոնային հերթերի մեխանիզմ ձեւավորել, այսինքն՝ մարդը դեռ ճանապարհորդություն չսկսած կարող է հերթագրվել եւ տեղեկանալ, թե ե՞րբ եւ ո՞ր անցակետից կարող է ստանալ:
-Այս ծրագրերը ե՞րբ իրականություն կդառնան:
-Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք, որպեսզի երկու այլ պետություններ միացնող ճանապարհը եւ սահմանային անցակետերով փոխանցումները մեր քաղաքացիների, ուղեւորների համար առավել արդյունավետ կազմակերպենք: Մենք հույս ունենք, որ առանձին անցուղին շուտ կլինի այս տարվա մեջ:
-Պարո՛ն Մելքոնյան, վրացական կողմը նախկինում խոսում էր այլընտրանքային լուծում գտնելու մասին, արծարծվում էր թունել կառուցելու հարցը, այժմ ի՞նչ լուծում է հնարավոր, որպեսզի Լարսի փակվելու պատճառով ՀՀ-ից բեռնափոխադրումները կաթվածահար չլինեն:
-Այս պահին նման հարց չի քննարկվում:
-Տեսակետ կա, որ երբ ՌԴ-ի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական դրդապատճառներով լարվում են, դա իր բացասական ազդեցությունն է թողնում Վերին Լարսի անցակետով անցնող հայ քաղաքացիների վրա: Չե՞ք կարծում, որ Լարսի անցակետում գոյացած հերթերը նաեւ քաղաքական պատճառներով են: Չէ որ մեր քաղաքացիները շատ հաճախ դժգոհում են նաեւ անցակետի աշխատակիցների կոպիտ սպասարկումից:
-Քաղաքական խնդիրներ, կարող է, կան, բայց նկատի ունենալով, որ ՀՀ-ն երկու երկրների հետ էլ շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ է, ապա երկուսն էլ մեր տրանսպորտային միջոցների կամ մեր փոխադրումների համար, անկախ իրենց հարաբերություններից, որեւէ խոչընդոտ չեն ստեղծում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ
ՏԿԱԻՆ-ը հայտնում է, որ փետրվարի 3-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը, Ուրասար, Կաթնաղբյուր, Արմանիս, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ, ինչպես նաեւ Ստեփանավան քաղաք տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Նիգավան, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 3-ին տեւական սաստիկ բքի հետեւանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է (Մարտունու կողմից): Սպիտակում, Սիսիանում եւ Գորիսում տեղում է ձյուն: Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

ՆԱԽԱՐԱՐԻ «ՃԱԿԱՏԸ ԲԱՑ Է»
Երեկ Ազգային ժողովի նիստում քննարկվել է ՀՀ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի ներկայացմամբ` ծրագիրն ուղղված է համայնքային, մարզային ճանապարհի զարգացմանը, այն շարունակական է, մեկնարկել է 2013թ.: Վարկի ծավալը 40 մլն դոլար է, մարման ժամկետը՝ 25 տարի, այն կսպառվի 2016-19 թթ. ընթացքում: Ստացվող միջոցներով վերակառուցվելու է 190 կմ ճանապարհ: Փոխնախարարի խոսքով՝ 2015-16թթ. իրականացված աշխատանքների վերահսկողությունն իրականացրել են միջազգային կազմակերպությունները եւ գոհունակություն են հայտնել: Ա.Առաքելյանը նշեց, որ 1 կմ ճանապարհի կառուցման արժեքը շատ սուբյեկտիվ է, միջին չկա, կախված է հիմքից, իրականացվող աշխատանքների ծավալից եւ այլն:
Փոխնախարարը նաեւ նկատեց, որ շինաշխատանքների ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ մի քանի անգամ այցելում է տվյալ վայր, իսկ ճանապարհի կառուցումից հետո «բաց ճակատով էլ կանգնում է այն մարդկանց առջեւ, ովքեր օգտագործելու են այդ ճանապարհը»:

 
ՎՐԱՑՈՒ ԲԱԽՏ
Ամերիկյան Frontera Resources ընկերությունը հայտարարել է, որ Հարավային Կախեթիայում (Վրաստան) 5,3 տրիլիոն կուբամետր գազ է հայտնաբերվել, որը կազմում է «Գազպրոմ»-ի պաշարների 15%-ը: Անցած տարի ընկերությունը 3,8 տրիլիոն կուբամետր է գնահատել գազի պաշարները: Ենթադրվում է, որ հայտնաբերված գազը կմատակարարվի Թուրքիա եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ: Ընկերությունն անցած տարի նաեւ համաձայնագիր էր ստորագրել ուկրաինական «Նավթագազ»-ի հետ: Տեղեկացնենք, որ Frontera Resources-ը ամերիկյան նավթագազային ընկերություն է, որը զբաղվում է ածխաջրածինների արդյունահանմամբ եւ հետախուզմամբ:

 

ՍԿԱՆԴԱԼ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ
Հռոմում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Սրահում ներկա գտնվող լրագրողներից մեկը մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարին «Իսլամական պետության» ստեղծման մեջ: Ասուլիսի ավարտից հետո լրագրողը փորձել է մոտենալ դիվանագետներին եւ բղավել է. «Դուք եք ստեղծել ԻՊ-ը»: Ականատեսների խոսքով՝ նրա ձեռքին նույն գրությամբ պաստառ է եղել: Դեպքից հետո նրան շրջափակել է պահակախումբը: Հաղորդվում է, որ լրագրողն աշխատում է իտալական պարբերականներից մեկում:

 

ՏՈՒԺԵԼ Է 2 ԱՆՁ
Նախօրեին պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել Daallo Airlines ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք է կատարել Սոմալիի Մոգադիշո մայրաքաղաքում: Ինքնաթիռը, որը Մոգադիշոյից Ջիբուտի էր մեկնում, ստիպված է եղել վերադառնալ ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի պատճառով: Դեպքի հետեւանքով 2 մարդ է տուժել: Մոգադիշոյի օդանավակայանում ավիացիոն մասնագետների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը գտնվել է 12-14 հազար ֆուտ բարձրության վրա, երբ տեղի է ունեցել պայթյունը:




Լրահոս