ԱՄՆ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՇՐՋԱՓՈՒԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Այս օրերին արդեն իսկ ԱՄՆ-ում մեկնարկել են նահանգային քվեարկությունները, որոնց արդյունքում հուլիսի վերջին իրենց միասնական թեկնածուներին կներկայացնեն Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները: Իսկ մենք այս ընթացքում կներկայացնենք ընտրարշավի ամենահետաքրքիր առանձնահատկությունները` փորձելով նաեւ զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրականության հետ: Կփորձենք հասկանալ, թե ինչպիսի ընտրական մեխանիզմներ են գործում ԱՄՆ-ում` վերջինս դարձնելով աշխարհի ամենահաստատուն ու ուժեղ ժողովրդավարությունը:

Այսպես, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ունենալու համար թեկնածուն պետք է ներկայացված լինի բոլոր նահանգներում: Հարկ է նկատել, որ անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսների այս երկրի բոլոր նահանգներում տիրապետում են երկու կուսակցություններ` Հանրապետականն ու Դեմոկրատականը: Այդ պատճառով է, որ նախագահ դառնալու համար կարելի է քվեարկվել ցանկացած նահանգում, սակայն վերջնարդյունքում առանց նահանգների մեծամասնության աջակցության, անհնար է հասնել նախագահի պաշտոնին: Ուստի եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ի առաջատար երկու կուսակցությունների ներսում դաժան պայքար է գնում` միասնական թեկնածուին որոշելու համար: Այդ պայքարին ներգրավված են գործող եւ նախկին նահանգապետեր, սենատորներ, բիզնեսմեններ: Այսօր Հանրապետական կուսակցության թեկնածուի համար պայքարում են 12, իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի կարգավիճակի համար` 3 գործիչներ:
Ըստ ներկուսակցական կարգի` յուրաքանչյուր նահանգում տեղի է ունենում գրանցված կուսակցականների համաժողով, որի արդյունքում ներկաներից յուրաքանչյուրը քվեարկում է ցուցակում առկա թեկնածուներից միայն մեկի օգտին: Յուրաքանչյուր նահանգում անցկացված քվեարկություններից հետո հուլիսի 18-ից Կլիվլենդում մեկնարկելու է հանրապետականների մեծ համաժողովը, իսկ արդեն հուլիսի 25-ից` դեմոկրատներինը Ֆիլադելֆիայում: Այս մեծ համաժողովին մասնակցում են նահանգային ընտրիչները, որոնց մի մասը պարտավոր է քվեարկել այնպես, ինչպես իր կուսակցական ընկերները քվեարկել են սեփական նահանգում: Հանրապետական կուսկացության 2016թ. ժողովին մասնակցելու եւ ընտրություն կատարելու իրավասություն են ունենալու 2472 լիազորներ, իսկ Դեմոկրատականի ժողովին` 4764: Գոյություն ունեն նաեւ «սուպերընտրիչներ», որոնք կաշկանդված չեն նահանգային քվեարկությամբ եւ կարող են ընտրել իրենց նախընտրած թեկնածուին: Ի դեպ, այս վերջին հանգամանքը հատկապես լուրջ քննադատության է արժանանում ԱՄՆ-ում, քանզի զգալիորեն ստվերում է մաքուր ժողովրդավարության ավանդույթները: Սակայն հասկանալի է, որ նման մեխանիզմով կուսակցական վերնախավը ձգտում է պահպանել իր հարաբերական վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Ինչո՞ւ հարաբերական, որովհետեւ Հանրապետական կուսակցությունում այդպիսի «սուպերլիազորները» լոկ 128-ն են, իսկ դեմոկրատների մոտ` 713-ը: Այսինքն` կուսակցական ընտրախավի բացարձակ ազդեցությունը Հանրապետական կուսակցության ներսում կազմում է 5 տոկոս, իսկ Դեմոկրատների մոտ` 15 տոկոս: Կարելի է փաստել, որ կուսակցական «բոսերը» պարզապես անկարող են հաշվի չնստել շարքային կուսակցականների կամքի հետ, ինչի արդյունքում կուսակցության վերջնական թեկնածու է դառնում նա, ում վստահել է կուսակցականների մեծամասնությունը: ԱՄՆ-ի ժողովրդավարության հաջողության բանաձեւը հենց էլիտայի ու շարքային ընտրողների այսօրինակ հետաքրքիր համադրության մեջ է, երբ հասարակության հակառակ բեւեռները կարողանում են իրենց խոսքը տեղ հասցնել ու հասարակական փոխզիջումի ճանապարհով շարունակաբար զարգացնել պետական-քաղաքական համակարգը:
Եվ, ահա, փետրվարի 1-ին ԱՄՆ-ի Այովա նահանգով մեկնարկեցին նախնական քվեարկությունները: Հանրապետական թեկնածուների մեջ որպես «վաշինգտոնյան կողմնակի անձ» հայտնի Թեդ Քրուզը գրավել է առաջին տեղը, որին հաջորդում է կուսակցական «բոսերի» անբարյացակամությունը վայելող Դոնալդ Թրամփը, իսկ երրորդը կուսակցական վերնախավի աջակցությանը ձգտող սենատոր Մարկո Ռուբիոն է: Դեմոկրատական կուսակցությունում առաջատարի համբավը վայելող Հիլարի Քլինթոնի ու սոցիալիստ Բեռնի Սանդերսի միջեւ ձայները կիսվել են գրեթե հավասարապես: Հատկանշական է, որ Bloomberg Politics/Des Moines Register-ի կողմից Այովայում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն` հանրապետականների ճամբարում առաջին տեղում Թրամփն էր, սակայն մեծ բանավեճից նրա հրաժարվելը կարծես վճռորոշ նշանակություն ունեցավ արդյունքների վրա, ինչպես կանխատեսում էին ամերիկյան մի շարք վերլուծաբաններ: Փաստ է, սակայն, որ նախնական հարցումներն ու վերջնական ընտրական արդյունքները խիստ մոտ էին միմյանց, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ում սոցհարցումները մեծ մասամբ արտահայտում են իրական պատկերը: Հանգամանք, որ խիստ խորթ է հայաստանյան իրողություններին:
Ի դեպ, վերադառնալով հայաստանյան իրականությանը` հիշենք, թե ինչպես են մեր երկրում կազմակերպվել նախագահական ընտրությունները: Բացի 1991թ. նախագահական ընտրություններից, երբ ՀՀՇ-ի ներսում իսկապես ժողովրդավարական բանավեճով որոշվեց Տեր-Պետրոսյանին ներկայացնել իբրեւ կուսակցության թեկնածու, մյուս ընտրություններում շարքային կուսակցականների կամքը երբեւէ հաշվի չի առնվել: Քոչարյանն ընդհանրապես ոչ մի կուսակցության չէր անդամակցում եւ նախագահ է առաջադրվել լոկ իշխանության «հայտնի ուժերի» շահերով պայմանավորված, իսկ Սերժ Սարգսյանն էլ դարձավ ՀՀԿ-ի թեկնածուն միայն կուսակցության առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվանից հետո: Նախագահական նախորդ ընտրությունների ընդհանուր պատկերը հուշում է, որ Հայաստանում հաղթող թեկնածու լինելու համար կարեւորը ոչ այնքան ուժեղ կուսակցություն ունենալն է, որքան ազդեցիկ գործիչ լինելը կամ ամենակարեւորը` վարչական ռեսուրսին տիրապետելը: Այս հանգամանքը թե՛ մասնակի պատճառն է կուսակցական համակարգի անկատարության, թե՛ ինքն է միաժամանակ այդօրինակ համակարգի գոյության սնուցողը, իսկ ելքը միայն արդար ընտրություններն են, երբ շարքային քվեարկողի ձայնը տեղ է հասնում, ինչպես, օրինակ, վերոնշյալ Այովա նահանգում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇԻ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԼԻՆԻ
Տարեսկզբից ի վեր` քաղաքական դաշտի թիվ մեկ թեման ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձեւավորման հարցն է, որն այդպես էլ վերջնական լուծում չի ստանում:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ` փորձելով պարզել` արդյոք նա որեւէ տեղեկություն ունի ձեւավորվելիք կոալիցիա մասին:
-Պարո՛ն Գրիգորյան, արդեն բավական ժամանակ է` քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձեւավորման հարցը, սակայն այդպես էլ հստակություն չի մտցվում: Ըստ տարածված տեղեկությունների` ՀՅԴ-ականները համագործակցելու համար իշխանությանը մի շարք պահանջներ են ներկայացրել: Նախօրեին էլ տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ Գործադիր մարմնի ընդլայնված նիստը, որի ընթացքում եւս այս հարցը քննարկվել է, սակայն տարածված հաղոդագրությունից այդպես էլ հստակ չդարձավ, թե ինչպիսի որոշում է կայացվել: Դուք, որպես ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ինչպես եք վերաբերվում ՀՅԴ-ի` իշխանական կոալիցիա վերադառնալու հեռանկարին:
-Ես կառաջարկեի, որպեսզի տեսակետներ ինձանից չհարցնեք: Դուք ավելի լավ է՝ հարցնեք ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ ԲՀԿ-ից:
-Բայց Դուք եղել եք ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ…
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի, ամենայն հարգանքով Ձեր նկատմամբ:
-Գաղտնիք չէ, որ նոր կոալիցիայի ձեւավորման դեպքում մի քանի նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պորտֆելներին, եւ, առհասարակ, առաջիկայում, կարծես թե, կառավարությունում նաեւ այլ կադրային փոփոխություններ են սպասվում: Մտավախություն չունեք, որ այդ փոփոխությունները կարող են առնչվել նաեւ Ձեզ:
-Դա ո՛չ իմ կարծիքն է, ո՛չ էլ Ձեր կարծիքն է: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ինչպես կորոշի, այդպես էլ կլինի:
-Այնուամենայնիվ, եթե առաջիկայում ձեւավորվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա, Դուք ո՞ր ուժի ներկայացուցիչ եք համարվելու` ՀՀԿ-ի, թե՞ ՀՅԴ-ի:
-Ձեր հարցը անհասկանալի էր, որովհետեւ ես արդեն բոլորին տեղեկացրել եմ, որ կուսակցության անդամ չեմ, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ես ինքս կորոշեմ, թե որ կուսակցության հետ կհամագործակցեմ: Ես մինչեւ հիմա բոլորի հետ համագործակցում եմ, եւ մեր համագործակցությունը շատ նորմալ է:
-Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ Կիեւյան կամրջից ցած էր նետվել բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի` Հակոբ Գալստյանի եղբայրը: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա այդ քայլին դիմեց, որեւէ տեղեկություն ունե՞ք:
-Այս հարցը անձնական է, եւ բնապահպանության նախարարության գործառույթներից դուրս:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՏԱՎՈՒՇԻ ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ ԳԱԶԸ ԹԱՆԿ Է
Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Տավուշի ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 190-200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով: Սակայն մեքենատերերը բացի գնից՝ առավել դժգոհ են նաեւ գազի լիցքավորման որակից: Նոյեմբերյանցի վարորդներից մեկը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում 2700 դրամի գազ լիցքավորելու դեպքում իր ավտոմեքենան անցնում է 150 կիլոմետր, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում նույնքան գումարի գազ լիցքավորելիս վառելիքը բավարարում է 235 կիլոմետր երթեւեկելու համար: Դրա համար էլ Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տաքսիների վարորդները մշտապես իրենց ավտոմեքենաները գազով լիցքավարում են Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում:

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ
Հունվարի 24-ի գիշերը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դիմակավորված երկու անձինք մտել են 87-ամյա Կարլեն Իսրայելյանի տնակ, գումար պահանջել եւ այն չստանալով՝ Կ. Իսրայելյանին ու նրա որդուն՝ 1957թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանին դանակահարել: Ստացած շուրջ քսան հարվածների հետեւանքով Ռազմիկ Իսրայելյանը մահացել է, իսկ նրա հայրը տեղափոխվել հիվանդանոց: Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ այդ հանցագործությունը բացահայտված չէ: Բացահայտված չէ նաեւ հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ սահմանամերձ Կողբ գյուղում գտնվող տնից 2 բջջային հեռախոսի, զարդերի եւ կանխիկ գումարի գողությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս