Այդ չինովնիկին երգս դուր չի եկել. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը մեծ ցանկություն ունի, որ իր հեղինակած «Արծվաբույն» պիեսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, վերածվի ֆիլմի: Հիշեցնենք, որ այն 2002թ. բեմադրվել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Ռեժիսոր ընկերներ ունեմ, որոնք կողքիս են, պատրաստ են ֆիլմը նկարահանել, սակայն մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, հուսով եմ` այս տարի այդ ցանկությունը կիրականացվի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգիչը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կան նոր երգեր, որոնց վրա ինքը հիմա աշխատում է. «Տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չեմ ներկայացրել: Ունեմ, օրինակ, մի նոր երգ, որը կոչվում է «Ես հասկացա», թե ինչ թեմայով է այն, մինչեւ հիմա չեմ հասկացել, չհասկանալու մասին է»,-կես կատակ-կես լուրջ ասաց Դ. Ամալյանը` հավելելով, որ հնարավոր է՝ հենց այդ երգի հիման վրա էլ նկարահանվի սպասված տեսահոլովակը:
Երգիչը հուսով է նաեւ, որ այս տարի մեծ մենահամերգով հանդես գալու հնարավորություն կունենա. «Եթե մենահամերգով հանդես գամ, դա կլինի աշնանը: Ես սովոր եմ իմ նոր երգերը հանդիսատեսին մատուցել համերգների տեսքով»,- նշեց նա:

Դ. Ամալյանը արդեն հրավերներ ունի նաեւ արտերկրից. նա մի քանի երգչների հետ պատրաստվում է մարտին մեկնել Մոսկվա` հայ հանդիսատեսի համար համերգներով հանդես գալու նպատակով: Մենք հարցրինք` արդյոք առաջիկայում կլինեն դուետներ հայտնի արտիստների հետ, ինչին նա պատասխանեց. «Երբ համապատասխան երգ ծնվի, կերգեմ, ասենք, Ռուբեն Հախվերդյանի, Լեյլա Սարիբեկյանի հետ, օրինակ… Ի դեպ, օրերս Մխիթար Ավետիսյանի հետ մի երգ երգեցինք, շատ լավ ստացվեց, չի բացառվում, որ միասին հանդես գանք զուգերգով, բայց սա դեռեւս ցանկություն է»:

Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք Դ. Ամալյանը իր երգերում պատրաստվում է անդրադառնալ ներքին քաղաքական խնդիրների. «Երբեք չեմ գրել այդ թեմայով, բայց մեկ-երկու երգ ունեմ մարդկային անարդարության դեմ բողոքի մասին: Դրանցից «Առուծախ»-ն, օրինակ, այն մասին է, որ ամեն ինչից բողոքում ենք, բայց մեղավորն իրականում մենք ենք: Եղել են դեպքեր, երբ չինովնիկների ներկայությամբ այդ երգերը երգել եմ, բացի մի հոգուց, ուրիշ բողոք չի եղել: Ինձ ինֆորմացրել են, որ այդ մի հոգուն երգը դուր չի եկել: Ընդհանրապես, ես միշտ ասում եմ` սիրելի՛ քաղաքականություն, դուք շատ փոքրիկ եք, որ ինչ-որ մեկը ձեր մասին նստի ու երգ գրի: Ձեր մասին երգ կարող են գրել քաղաքական գործիչները, բայց իրենց գրած երգն առանձնապես լավը չի:

Ես երգը գրում եմ մարդու համար, եթե դա նրան դուր է գալիս, այդ թվում` այն մարդուն, ում չեմ սիրում, ուրեմն վերջինիս մարդկային հատկանիշն այդ պահին աշխատել է»,-եզրափակեց երգահանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս