Beeline-ի աջակցությամբ ստեղծվել է երկու բջջային հավելված երեխաների զարգացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են երկու հայալեզու բջջային խաղ-հավելվածների գործարկման մասին, որոնք նպաստում են երեխաների և դպրոցականների մտավոր զարգացմանը: Հավելվածները ստեղծվել են Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում: Խաղ-հավելվածներն անվճար հասանելի են Google Store մարքեթում 2016 թ. փետրվար ամսից սկսած։
«Our Day» հավելվածն առաջին հայալեզու զարգացնող խաղ հավելվածն է 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Խաղը հիմնականում նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսներն ամեն օր ծանոթանում են շրջապատող աշխարհի առարկաներին, սովորում գույների անվանումները և այլն: Այս խաղը նպաստում է երեխաների խոսակցական և ճանաչողական ունակությունների զարգացմանը: Հավելվածը նաև օգտակար է նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, ինչպես նաև ծնողների համար:

Երկրորդ հավելվածը` «Let’s think»–ն ավելի շատ մտավոր ուղղվածություն ունի և նախատեսված է դպրոցականների համար: Այն օգնում է զարգացնել երեխայի տրամաբանությունը և քննադատական մտածողությունը: Խաղը ներառում է տարբեր բարդության մակարդակներ, իսկ հարցերն ու առաջադրանքներն զարգացնում են աշխարհայացքը, տրամաբանական մտածողությունը և բարձրացնում երեխայի ընդհանուր կրթական մակարդակը:

«Բջջային հավելվածների գործարկման ծրագիրը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև իրենց` երեխաներին, հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտական օգնություն և զարգացնելու երեխայի ունակությունները: Ընդ որում, կարևոր է, որ ուսուցումն անցնում է խաղի ձևով, իսկ հավելվածը մայրենի լեզվով օգտագործելն ավելի հարմար է և հաճելի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Այս ծրագրով Beeline-ի հետ մեր համագործակցությունը թևակոխեց որակապես նոր մակարդակ, քանի որ հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար նախատեսված տեխնիկան դառնում է լայնորեն հասանելի` շնորհիվ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների: Մեր կողմից ստեղծված հավելվածների միջոցով ծնողները և մանկավարժները կարող են ստանալ բազմաթիվ օգտակար խորհուրդներ, իսկ իրենք` երեխաները, որպես կանոն, մեծ ուշադրություն են դարձնում ուսուցման նման ձևին: Երկու հավելվածներն էլ ուղղված են աճող սերնդի ուսուցմանը, որն էլ հենց մեր ապագայի գրավականն է», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հավելենք նաև, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։




Լրահոս