Խնդիրներն այնքան քիչ են եղել, որ համեստ հաղորդումս դարձել է ուշադրության առարկա. Արմեն Աշոտյանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը սահմանադրական հանրաքվեի փոփոխությունների վերաբերյալ զեկույցում հատուկ անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից «Եռանկյունի» հաղորդաշարը վարելու խնդրին, այդ փաստը գնահատելով որպես Հանրային հեռուստաընկերության կողմից կողմնակալության դրսևորում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել, թե նա ինչպես է մեկնաբանում այս փաստը:

Իր պաշտոնավարման վերջին օրերն ապրող նախարարի կարծիքով՝ այդ փաստը վկայում է, որ քարոզչության հետ կապված խնդիրներն այնքան քիչ են եղել, որ «համեստ հաղորդումս դարձել է ուշադրության առարկա, իսկ մյուս կողմից, կարծում եմ՝ իրականությանը չի համապատասխանում այն մտավախությունը, որ դա կարող էր ստեղծել շահերի բախում»:

Իսկ ինչպես է Աշոտյանը մեկնաբանում այն փաստը, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանը ԵԽԽՎ պատվիրակները հակահայկական զեկույցների քննարկման ժամանակ ի վնաս Հայաստանի քվեարկեցին: Ինչպես հայտնի է, ի թիվս հայկական այլ կուսակցությունների, ԵԺԿ անդամ է նաեւ ՀՀԿ-ն: Ավելին՝ ԵԺԿ-ում ՀՀԿ-ին ներկայացնում է հենց Արմեն Աշոտյանը: Ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ն չի կարողացել իր կուսակիցներին համոզել, որպեսզի նրանք ի վնաս Հայաստանի չքվեարկեն:

Այս խնդրի վերաբերյալ ներկայումս մեկնաբանություն տալուց Աշոտյանը հրաժարվեց, բայց խոստացավ ապագայում այդ թեմայով ծավալուն հարցազրույց տալ: «Շատ կարեւոր հարց է սա, հատկապես եթե մեզ քննադատողների մի մասը կա՛մ չի տիրապետում առարկային, կա՛մ չի ուզում տիրապետի: Ես կտամ այդ բաց դասը ԵԺԿ-ի հետ կապված մեր քննադատողներին»,- հայտարարեց դեռեւս ՀՀ ԿԳ նախարարը:




Լրահոս